«Սասնա ծռեր»-ի գործով պարբերաբար խախտվում է անմեղության կանխավարկածը. փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր»-ի անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Սասնա ծռեր»-ի անդամների դատավարությանը: Վերջինս մի շարք հարցեր է բարձրաձայնում.

«Փաստաբանների ներկայությունը դատական նիստերին պատշաճ կերպով չի ապահովվում, այսինքն` ոչ թե փաստաբանները չեն ցանկանում ներկա գտնվել, այլ փաստաբանների իրավունքներն են ոտնահարվում և այդպիսով խաթարվում է բուն դատավարությունը: Այսինքն` եթե չկան պաշտպանները, այդ դեպքում չի կարող իրականացվել դատական նիստ:

Ինչ վերաբերում է ամբաստանյալների՝ դատական նիստից հեռացվելուն, դատարանը պիտի ընդունի այն հանգամանքը, որ ամբաստանյալներից որևէ մեկը ոտքի չի կանգնելու և եթե պարբերաբար սանկցիաներ են կիրառվում, ի վերջո, ամբաստանյալները կզրկվեն դատական նիստին ներկա գտնվելու իրավունքից:

Առանց իրենց դատական նիստ էլ կկայանա, որոշում էլ կկայացվի, նույնիսկ իրենք կլինեն դատարանի նկուղում, չեն ներկա գտնվի դատավճռի հրապարակմանը, կզրկվեն իրենց վերջին խոսքի իրավունքից: Այսինքն ամեն կերպ փորձ է արվում, որ դատական նիստերը իրականացվեն իրենց ցանկացած ձևով, այսինքն ներկա չգտնվեն ոչ այն պաշտպանները, որոնց ընտրել են ամբաստանյալները, ոչ էլ ամբաստանյալները, և հանրությունը չտեղեկացվի, ինչ է իրականում տեղի ունենում»,- ասաց Հայարփի Սարգսյանը:

Փաստաբանն ընդգծում է, որ ամիսներ շարունակ ականատես ենք լինում անմեղության կանխավարկածի խախտմանը, քննություն իրականացնող մարմնի կողմից ոչ օբյեկտիվ արտահայտություններին.

«Նման պայմաններում դժվար է այդ անձից որևէ օբյեկտիվություն ակնկալել, երբ ամբաստանյալներին որպես հանցագործներ են ներկայացնում: Նույնիսկ ՄԻԵԴ-ին ուղղված պատասխանի մեջ կառավարությունը խախտել էր անմեղության կանխավարկածը:

ՄԻԵԴ-ին ներկայացված իմ գանգատներում անդրադարձ եմ կատարել «Սասնա ծռեր»-ի խմբին և եվրոպական դատարանին ներկայացրել եմ նաև այն հոդվածները, որոնք պարունակում են խրախուսական նորմեր, որոնցով քրեական գործը վաղուց պետք է կարճված լիներ: Եվրոպական դատարանին ընդհանուր խմբի վերաբերյալ ներկայացրել եմ այն ամենը, ինչն իրականություն է:

Նշել, թե ինչն է դրդապատճառ հանդիսացել, որ նրանք մտնեն գունդ, այսինքն որ նրանք ապստամբներ են և ոչ թե հանցագործներ: Դրանից ՀՀ կառավարությունը բորբոքվել էր: Անդրադարձել էի հուլիսյան դեպքերին, երբ 17-ամյա տղայի աչքն էր հեռացվել:

Այս մասով սույն գործի շրջանակներում ևս Եվրոպական դատարան տեղեկատվություն էի ուղարկել, այսինքն` ներկայացրել էի, որ ժողովուրդը նույնիսկ սատարում էր ապստամբներին: Իմ ներկայացրած դիմումից հետո ՀՀ կառավարությունը նշել էր, որ դա իր երկրի գործն է, ի՞նչ է տեղի ունենում, Եվրոպական դատարանի գործը չէ: Նրանք ցանկանում են այս մարդկանց հանրության աչքում որպես հանցագործ ներկայացնել և փակել այս գործը», – եզրափակեց ArmLur.am-ի զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս