ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 6000 եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը արդարադատության նախարարությանը առաջիկայում կհատկացնի 6000 եվրոյին համարժեք դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱՆ-ն 3000 եվրոյին համարժեք դրամը հատուցելու է դիմումատուին՝ «Բադալյանն ընդդեմ Հայաստանի» գործով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հուլիսի 20-ի վճռի համաձայն:

Իսկ մյուս 3000 եվրոն կհատուցվի «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Նշենք, որ նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը այս տարվա հոկտեմբերի 20-ն է:

Ըստ մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ դիմող Արմեն Բադալյանը 2011 թվականի հուլիսի 23-ին ձերբակալվել է քննիչի դեմ բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածով: Նա կալանավորվել է եւ մնացել կալանքի տակ մոտ 1 տարի, ապա մեղավոր ճանաչվել: Միջազգային դատարանը շեշտել է, որ անհիմն կալանքը տարածված պրակտիկա է Հայաստանում, ինչը հաստատվել է նաեւ նախկինում «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի», «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» եւ այլ գործերով:

Իսկ ահա «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանը փաստել է, որ ներպետական դատարաններին չեն ներկայացվել հիմնավոր եւ բավարար պատճառներ՝ դիմումատուի նկատմամբ կալանք նշանակելու եւ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների հիմնավորման համար:

Նշենք, որ 2007 թվականի սեպտեմբերի 4-ին Երեւանի դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ռ.Կ.-ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ դիմումատուն՝ նույն քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալը եւ քրեակատարողական հիմնարկի երկու այլ ծառայողներ՝ Ա.Գ.-ն եւ Լ.Հ.-ն, ծեծել են իրեն ռետինե մահակներով:

Դիմումատուն պահանջել է 1 մլն 648 հազար 915 դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, 70 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, ինչպես նաեւ՝ 3 մլն դրամ՝ որպես ներպետական դատարաններում եւ Եվրոպական դատարանում կրած ծախսերի հատուցում: Սակայն Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել 3 հազար եվրո ոչ նյութական վնասի դիմաց:
Նշենք, որ միայն 2017թ-ին կայացված վճիռներով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել շուրջ 46 հազար եվրո գումար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս