Նախարարությունը պահանջել է «Սիսիան բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ընկերությանը ներառել «սեւ ցուցակում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սիսիան բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային» ընկերությունը հայտնվել է ե՛ւ ֆինանսների, ե՛ւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների տեսադաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել նշված ընկերությանը ներառել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սեւ ցուցակում»: Իսկ ահա տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը միակողմանի լուծել է «Սիսիանի ԲՈՒԱՏ» եւ «Սիսիանի ճանշին» ընկերությունների հետ կնքված պայմանագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը այս տարվա հուլիսի 7-ի գրությամբ դիմել է ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել «Սիսիանի Ճանշին» եւ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերություններին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառել: Իսկ այս ընկերություններին «սեւ ցուցակում» ներառելու պատճառը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության` ՖՆ-ին ուղղված հունիսի 27-ի գրությունն է:

Այսպես, ըստ ՏԿՏՏՆ-ի` Սիսիանի տարածաշրջանի միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ ամառային եւ ձմեռային պահպանման աշխատանքների կատարման նպատակով իրենց եւ «Սիսիանի ճանշին» եւ «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության կոնսորցիումի միջեւ կնքվել է պայմանագիր:

Բայց ընկերությունները չեն կատարել 2016 թվականի ապրիլի 1-ին կնքված համաձայնագրով նախատեսված ճանապարհահատվածների ընթացիկ ամառային պահպանման աշխատանքները:

Խոսքը միջպետական եւ հանրապետական նշանակության Անգեղակոթ-Նախիջեւանի սահման 2 կմ եւ Սիսիան-Դաստակերտ-Ցղունի 26.35 կմ ավտոճանապարհների մասին է: Այս ամենի արդյունքում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը այս տարվա հունիսի 26-ից ընկերությունների հետ կնքած պայմանագիրը միակողմանի լուծել է, որի մասին հայտարարությունը հրապարակել է հունիսի 26-ի տեղեկագրում:

Ինչպես հայտնի է` «Սիսիան Բուատ» ընկերության սեփականատերերը ժամանակին ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանն էր ու նրա ամուսինը` ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը: Սակայն անցած տարի՝ ՏԿՏՏՆ-ի հետ ապրիլի 1-ին պայմանագիր կնքելուց ամիսներ անց, Նաղդալյանը հայտարարեց, թե իբր այն վաճառել Է ռուսաստանաբնակ գործարար Կարեն Գրիգորյանին։

Ուշագրավն այն է, որ Նաղդալյանը այն վաճառել է ապրիլյան քառօրյայից ամիսներ անց, երբ պարզ է դարձել, որ ընկերությունը ըստ պատշաճի չի նորոգել Անգեղակոթ-Նախիջեւան եւ Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհները, որի համար հենց ապրիլի 1-ին պայմանագիր էր կնքել նախարարության հետ: Ի դեպ, այս ամենը հենց ապրիլյան քառօրյայի ժամանակ է պարզվել:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հերմինե Նաղդալյանից ընկերությունը անցած տարի գնած գործարարը իր հերթին եւս վաճառել է այն: «Սիսիան Բուատ»-ի տնօրեն Տիգրան Անդրեասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց. «Էնքան խոսեցին, որ խեղճ կինը կոպեկներով վաճառեց ընկերությունը: Ուղղակի վերացրեց: Կարեն Գրիգորյանից հետո տեղյակ չեմ, թե ով է գնել այն: Ով ուզում է լինի սեփականատերը, ես իմ գործն եմ անում, ես չեմ ճանաչում, թե ով է, խոսում եմ իր հետ ու վերջ: Հայաստանաբնակ է: Անուն չեմ կարող ասել»: Ահա այսպես Նաղդալյանի ընկերության նոր սեփականատերը Ֆանտոմասի պես իրեն գաղտնի է պահում:

Իսկ կհաջողվի առաջիկայում կրկին պայմանագիր կնքել նախարարության հետ, հետաքրքրվեցինք տնօրենից: Նրա խոսքով՝ «Նոր սեփականատերը կորոշի, ինչպես վարվի նախարարության հետ: Գո՞ւցե նախարարության՝ մեզ հետ կնքած պայմանագիրը միակողմանի խզելը կապված է սեփականատերերի փոփոխության հետ, ով իմանա»:

Եւ չնայած սրան` գնումների բողոքարկման խորհուրդն ուսումնասիրել է ՖՆ-ի՝ հուլիսի 10-ի եւ ՏԿՏՏՆ-ի հունիսի 27-ի գրությունները: Ինչի արդյունքում արձանագրվել է, որ «Սիսիանի ճանշին» եւ «Սիսիանի Բուատ» կոնսորցիումը կնքել է ՏԿՏՏՆ-ի հետ աշխատանքների գնման պայմանագիր, սակայն չի կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքները, ինչը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը: Իսկ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` մասնակիցն ընդգրկվում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում, եթե հայտը ներկայացնելու պահին նախորդող տարվա ընթացքում ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը: Ըստ գնումների բողոքարկման խորհրդի` նշված ընկերությունները խախտել են պայմանագրի 1.1 կետով սահմանված պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը: Բայց քանի որ ՖՆ-ն գնումների բողոքարկման խորհրդին չի ներկայացրել տեղեկություն կամ ապացույց այն մասին, որ ընկերությունները հայտը ներկայացնելու նախորդող տարվա ընթացքում թույլ են տվել օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասով սահմանված որեւիցե խախտում, ապա այս պատճառով որոշվել է ընկերությունններին չներառել «սեւ ցուցակում»: Բայց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Սիսիանի ճանշին» ընկերությունը վերոնշյալ օրենքի խախտման արդյունքում մեկ անգամ հայտնվել է «սեւ ցուցակում»` 2015 թվականի դեկտեմբերի 16-ից մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի 16-ը:

Թեեւ այս դեպքում օրենքը ընկերությանը թույլ չի տալիս մասնակցել պետական գնումների գործընթացին, բայց «Սիսիանի ճանշին»-ը, այդ ժամանակահատվածում գտնվելով «սեւ ցուցակում», մասնակցել է պետգնումներին: Բացի այս՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Սիսիանի ճանշին» ընկերությունը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 13-ի վճռով ճանաչվել է սնանկ: Իսկ սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել պետական եկամուտների կոմիտեն, քանի որ ընկերությունը ՊԵԿ-ին պարտք է ավելի քան 26 մլն դրամ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս