«Ժողովուրդ»-ը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ զրուցել է Հայաստանում ստեղծագործող մարդու առջեւ ծառացած խնդիրների, ներքին քաղաքական, մշակութային եւ կրթական հարցերի շուրջ: Նա կարծիք է հայտնել, որ մեր երկրի ղեկավարներն անում են ամեն բան, որ Ռուսաստանին չզայրացնեն: Պարոն Բայաթյանը, խոսելով մեր մեծագույն խնդիրներից, անդրադարձել է կրթական հարցերի` նկատելով, որ եթե ուզում են մի երկիր ոչնչացնել, փլուզում են հենց կրթական համակարգը:
-Պարո՛ն Բայաթյան, Դուք ունեք հին, հավատարիմ երկրպագուներ, որոնք սպասում են Ձեր մեծ, կենդանի համերգին: Ինչո՞ւ այն այդպես էլ չի կայանում:
-Հիմա դահլիճների վարձակալության գումարն այնքան է բարձրացել, որ կասկածում եմ, թե տոմսերի վաճառքից գոյացած գինը կծածկի այդ ծախսը: Մենք սովոր ենք ընդառաջել, նախապատվությունը տալ դրսի արտիստներին, կարող ենք մեծ գումարներ մուծել` ինչ-որ կասկածելի համերգների մասնակցելու համար, բայց տեղի արտիստների համերգներին նույն էնտուզիազմով չենք գնում, կամ գնում են, չեն ուզում վճարել, ուզում են ձրի լինի, որ գնան: Ուստի եթե հովանավոր չունես, չես կարող նման համերգով հանդես գալ:
-Այսինքն` տեղի ստեղծագործողը ոչ մի կերպ չի՞ խրախուսվում:
-Ոչ միայն չի խրախուսվում, այլեւ այնպես են անում, որ նա չերեւա, կամ էլ երեւան միայն նրանք, որոնք կոնկրետ աջակցություն ունեն:
-Պարո՛ն Բայաթյան, կցանկանայի՝ մի փոքր խոսեինք հայաստանյան ներքին կյանքին առնչվող որոշ հարցերից: Վերջերս բուռն արձագանք գտավ այն հանգամանքը, որ Հովհաննես Թումանյանի թանգարանում բոլշեւիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին նվիրված ցուցադրությունը փակվեց: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
-Ես միայն մեկ մեկնաբանություն կարող եմ անել: Այն մարդիկ, որոնք որոշել են փակել տալ ցուցադրությունը, ուղղակի չեն ուզում ռուսներին զայրացնել: Թե՛ մեզ մոտ, թե՛ Ռուսաստանում նույն համակարգն է գործում: Մեզ մոտ այդպես էլ չընդունվեց «Լյուստրացիայի մասին» օրենքը, այդպես էլ իշխանության որակը չփոխվեց, եւ հասկանալի է, որ վերեւներում չեն ուզում ջրի երես գա այն, ինչ իրենց պատիվ չի բերում: Առհասարակ, Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի վերականգնի խորհրդային միությունը, ուստի դրա համար նախադրյալներ են ստեղծում: Նաեւ այդ է պատճառը, որ ԿԳՆ-ն նոր հայեցակարգ է մշակում` ռուսերենին առավելություններ տալու համար: Ես, օրինակ, այն կարծիքին եմ, որ անգլերենն ու ֆրանսերենն ավելի կարեւոր են, քան ռուսերենը: Երեխաներն ավարտում են դպրոցը, բայց չեն կարողանում անգլերենով նորմալ հաղորդակցվել: Սա լուրջ խնդիր է: Թող դրա մասին մտածեն:
-Պարո՛ն Բայաթյան, այս տարի հայաստանյան բուհերում աննախադեպ թվով թափուր տեղեր մնացին, սա ինչի՞ հետեւանք է:
-Ընդհանրապես, եթե ուզում են որեւէ երկիր կազմաքանդել, կռիվ են հրահրում, իսկ եթե ուզում են այն վերջնականապես ոչնչացնել, փլուզում են կրթական համակարգը: Մնացած հետեւություններն ինքներդ արեք: Եթե կրթական համակարգը չի ծառայում իր ճիշտ նպատակին, նշանակում է, որ մենք չենք ունենա սերունդ, որը կկարողանա երկիրը նորմալ ղեկավարել:
-Ո՞րն է լուծումը:
-Այն, որ ունենանք քաղաքացիական բարձր գիտակցություն, մեր երկրից չփախչենք, տեր կանգնենք ամեն առումով: Ընդ որում, կարեւոր է ոչ միայն հայաստանաբնակների, այլեւ դրսում ապրող հայերի ծառայությունը Հայաստանին: Հնարավորինս մեծ ներդրումներ են պետք, որ երկիրը կայանա: Այլապես մեզ կհոշոտեն: Եթե այստեղից գնացինք, դատապարտված ենք, կսրբեն, կանցնեն մեր վրայով: Բայց ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա:
Աննա Բաբաջանյան