ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կառուցվածքային փոփոխություններ է իրականացնելու: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենի արդյունքում գործազուրկ կդառնա 35 քաղաքացի:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը կմիանա «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»-ին: Բացի այս` «Երեւանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին է միանալու «Հանգրվան»-ը: Իսկ ահա «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը լուծարվելու է:
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության` պետական բյուջեից նշված կազմակերպություններին հատկացվող միջոցները հնարավորություն չեն տալիս լուծելու իրենց առջեւ դրված խնդիրները: Բացի այս` կազմակերպությունների գործառույթները ունեն համանման ուղղվածություն, ինչի պատճառով էլ որոշվել է կազմակերպությունները իրար միացնել: Ավելին` կազմակերպությունների լուծարման եւ իրար միացման արդյունքում պետական բյուջեում տարեկան կտնտեսվի շուրջ 56.3 մլն դրամ: Սակայն սոցապնախարարությունը կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու արդյունքում նախատեսել է կրճատել 35 հաստիք:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17 հաստիքային միավորներից կկրճատվի 5-ը: Ինչի արդյունքում պահպանման ծախսերով նախատեսված 29,9 մլն դրամից կտնտեսվի 7,9 մլն դրամը: Իսկ մնացած 12 հաստիքները եւ պահպանման ծախսերի համար նախատեսված 22 մլն դրամը կուղղվեն «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին:
«Հանգրվան» ՊՈԱԿ-ի 33 հաստիքներից կկրճատվի 19-ը եւ պահպանման ծախսերով նախատեսված 49.7 մլն դրամից կտնտեսվի 29.8 մլն դրամը: Մնացած 14 հաստիքը եւ պահպանման ծախսերի համար նախատեսված 19.9 մլն դրամը կուղղվի «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին: Իսկ ահա «Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքային վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում կկրճատվի 11 հաստիք, եւ կտնտեսվի 18.6 մլն դրամ:
Նշենք, որ այս կազմակերպությանը պատկանող գույքը կհանձնվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին:
Սյունէ Համբարձումյան