Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գրետա Թամրազյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, առաջիկայում այս գործով դատավարության օր կնշանակվի: 2006 թվականից Դիլիջանի քոլեջը ղեկավարող Գրետա Թամրազյանը մեղադրվում է այն բանում, որ քոլեջի հաշվապահ Արգինե Թամրազյանից պահանջել եւ ստացել է 2014թ. հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները, որից հետո միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323 000 եւ արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79 050 դրամ գումարը, որից ընդամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ` ընդհանուր 9500 դրամի չափով, մնացած 392 550 ՀՀ դրամը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որեւէ ուսանողի:
Մեղադրանքի համաձայն` Գ. Թամրազյանը յուրացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հատկացված ընդհանուր 392 550 դրամը: Բացի այդ` Գրետա Թամրազյանը քոլեջի գանձապահ Վահանուշ Ասատրյանին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում քոլեջի 4 ուսանողների անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ:
2014թ սեպտեմբերից մինչեւ 2014թ դեկտեմբերը Վահանուշ Ասատրյանը, կատարելով Գրետա Թամրազյանի ապօրինի հանձնարարությունը, այդ 4 ուսանողների անունների դիմաց կրթաթոշակների ստացման ցուցակներում դրել է կեղծ ստորագրություններ, ինչի արդյունքում հիշյալ ժամանակահատվածում Գ. Թամրազյանը յուրացրել է 4 ուսանողների ամսական 4750 դրամ կրթաթոշակը` պետությանը պատճառելով զգալի չափերի` ընդհանուր 76 000 դրամի վնաս: Գրետա Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` երկու դրվագով, եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այժմ Դիլիջանի պետական քոլեջը նոր տնօրեն է ղեկավարում, սակայն քոլեջում կարգուկանոն չի հաստատվել: Քոլեջի դասատուներից մեկը քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ գրավոր բողոքով դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն: Այդ նախարարության մասնագետների խումբը բողոքի կապակցությամբ Դիլիջանի պետական քոլեջում ներկայումս ստուգումներ է կատարում: Դիլիջանի պետական քոլեջից ստացված տեղեկություններով` այդ ստուգումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 9-ը, որից հետո պարզ կդառնա, թե քոլեջում կատարված խախտումները որքանով են լուրջ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ