Հարց քաղաքացիներից` Հայաստան մուտքի վիզա ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե օտարերկրյա քաղաքացին ցանկանում է գալ Հայաստան, ապա մուտքի վիզա ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի: Եվ ընդհանապես Հայաստան մուտքի վիզայի ի՞նչ տեսակներ կան:

Գեւորգ Հակոբյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստան մուտքի վիզա ստանալու համար քաղաքացին պետք է ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը`

1) անձնագիր կամ անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, 2) N 1 ձեւի դիմում-հարցաթերթիկ, որը լրացվում է անգլերենով կամ հայերենով, 3) 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկար, իսկ ՀՀ սահմանի անցման կետերում՝ օտարերկրացու անձնագրի պատճենը, 4) հրավերի հիման վրա Հայաստան այցելելու դեպքում` նաեւ հրավերը հավաստող համապատասխան փաստաթուղթ, 5) մինչեւ 18 տարեկան օտարերկրացին` նաեւ այցելությունը հավաստող փաստաթուղթ, 6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստան մուտքի վիզա են`

ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին այցելելու, զբոսաշրջության, կրթական հաստատություններում ուսանելու, տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելության համար, բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական անձնագիր կրող անձանց կամ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար, գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար, դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի տարածքով երթեւեկողների համար:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2016թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել 1.259.657 զբոսաշրջիկ, իսկ նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով ՀՀ-ից մեկնել է 1.262.687 մարդ:




Լրահոս