Հարց քաղաքացիներից` եթե կենսաթոշակառուն մահացել է, հնարավո՞ր է ստանալ նրա հասանելիք կենսաթոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե կենսաթոշակառուն մահացել է, հնարավո՞ր է ստանալ նրա հասանելիք կենսաթոշակը: Եթե այո, ապա ի՞նչ կարգով, ո՞վ կարող է ստանալ: Գումարը ստանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Լուսինե Մաթեւոսյան (51 տարեկան, հոգեբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային՝ անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին, եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում: Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:

Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաuտաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում:

Կենսաթոշակի համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման ՀՀ պետական բյուջե: 2017 թվականի հուլիսի մեկի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կազմել է 464 հազար 698:




Լրահոս