«Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի լրացված տարբերակը պաշտոնապես չի հրապարակվել. Լիանա Դոյդոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատություն» ռադիոկայանի եթերում արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որը բավական մեծ աղմուկ բարձրացրեց խմբագիրների և քաղհասարակության շրջանում, նշել էր, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծն Արդարադատության նախարարությունը պաշտոնապես քննարկման չի ներկայացրել. «Համենայնդեպս, այն դրույթները, որոնք քննարկվում են, կարծում եմ, օրենքի կամ համապատասխան դրույթների սևագիր տարբերակներից մեկն է, դա անթույլատրելի է»,- հավելել էր Քրմոյանը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Լիանա Դոյդոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք քննարկել կոնկրետ աշխատանքային նախագիծ.

«Երբ մենք աշխատանքային ինչ-որ նախագծի մասին կարծիք ենք հայտնում, ես չգիտեմ` դա ինչ համարել՝ պաշտոնակա՞ն, թե՞ ոչ պաշտոնական: Ինչ ուզում է` լինի, այն աշխատանքային է և ուղարկվում է կարծիք հայտնելու: Վեց ամիս շարունակ՝ մարտ ամսից սկսած, e-draft.am-ում կախված է մի նախագիծ, որը վեց ամիս շարունակ չի փոխվել և այնտեղ նշված է, որ մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակ կա և դրանից հետո պիտի ուղարկվի կառավարություն: Մենք բազմիցս գրել ենք նախարարությանը` ասելով, որ վերջնական նախագիծ տվեք, որ հասկանանք, թե մեր առաջարկությունները ինչպես են ներգրավվել նախագծում և փոփոխված տարբերակ տվեք, քանի որ ժամկետը մոտեցել է, և մենք պետք է տեսնենք՝ կառավարություն ինչ է գնալու», – ասաց Լիանա Դոյդոյանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ վերջին հանդիպման ժամանակ իրենք քննարկել են վերը նշված միտումները և ներկայացրել, որ այդ ընթացքում սխալ մոտեցումներ են արդեն խմբագրվում՝ թեկուզ եթե դա աշխատանքային տարբերակ է.

«Եթե իրենք փոխեն, շատ ավելի լավ: Մենք կանխարգելիչ գործողություններ ենք իրականացրել»,- հավելում է Լիանա Դոյդոյանը

Վերջինս ընդգծում է, որ մարտին հրապարակված փաստաթղթից հետո այլ տարբերակներ էլ են եղել. դրա վերաբերյալ ՀԿ-ները պաշտոնապես գրավոր առաջարկներ են ուղարկել:

«Մեր առաջարկների հիման վրա մշակված և լրացված տարբերակը պաշտոնապես չի հրապարակվել e-draft-ում», – եզրափակեց ArmLur.am-ի զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս