Իշխանությունը ուզում է տեղեկությունները թաքցնել. օրենք են փոխում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի դեկտեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում հրապարակվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որով նախատեսվում է «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքը վերանվանել «Տեղեկատվության ազատության եւ հանրային տեղեկատվության մասին» օրենք:

Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ օրենքի նախագծի նպատակը հետևյալն է․

«Այն նպատակ ունի հնարավորություն ստեղծել առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության և հասարակության թվային փոխակերպման նպատակները»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող տեղեկատվության ազատության մասին իրավունքը զուգակցվել տվյալների դասակարգման, պահպանման և մշակման տեխնիկական լուծումներ առաջարկող օրենքի հետ և դառնալ մեկ ընդհանուր օրենք։

«Սա Կենտրոնի դիրքորոշումն է եղել ի սկզբանե, երբ սկսել են մշակել տվյալների վերաբերյալ օրենսդրությունը։ Երբ ԻԱԿ-ը Կառավարության հետ միասին քննարկել է այս օրենքի նախագիծը, Կենտրոնը՝ որպես 22 տարի այս ոլորտում գործող կառույց, տվել է փորձագիտական աջակցություն։ Ի սկզբանե հարցը դրվել է մեր կողմից, որ տվյալների դասակարգման և մշակման օրենքի նախագիծը չի կարող «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում լինել և մաս կազմել»։

Ըստ Լիանա Դոյդոյանի՝ սա անթույլատրելի է՝ մի օրենքի տակ մտցնել 2 իրար հետ կապ չունեցող օրենք։ Նախագծի ներկայացման պատճառներից մեկն այն է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքով չի կարգավորվում տվյալների դասակարգման և մշակման հատվածը, որից էլ բխել է օրենքի նման նախագիծ ներկայացնելը։ Բանն այն է, որ մինչ օրս Կառավարությունն այս հարցում որևէ կարգավորում չի սահմանել, և չգիտես ինչու, առանձին օրենքի նախագիծ ներկայացնելու փոխարեն, այն խցկում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում։

«Օրենքի նախագծի հիմնավորումը տվյալների մշակաման, վերլուծության և դասակարգման մասին գործողություններ են, այսինքն այս նախագծի հիմնավորումը որևէ կապ չունի Տեղեկատվության ազատության օրենսդրության հետ։ Մեր մոտեցմամբ սա գիտելիքի պակասի, մասնագետների պակասի, չուզենալու ընկալելու մոտեցում է եղել, որովհետև Կենտրոնը բազմիցս իր մոտեցումը գրավոր փոխանցել է Կառավարություն, որում ասվում է՝ պետք է այս երկու օրենքներն անջատել իրարից։ Մեզ բազմիցս հավաստիացրել են, որ այդպես են անելու, քանի որ ներկայացրել ենք հստակ հիմնավորումներ։ Բայց ի վերջո շատ անակնկալ կերպով տարեվերջին անկախ խորհրդակցությունից այն  հայտնվել է իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am հարթակում»,- հավելեց Դոյդոյանը։

Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում նախագծին կողմ քվեարկել են 26 հոգի, իսկ դեմ 9-ը։

Նախագծով

  • փոփոխվել են ՏԱ օրենքի որոշ հասկացություններ, որոշ կարգավորումների ձեւակերպումներ այն պարագայում, որ փոփոխությունների արդյունքում կան թյուրըմբռնումների տեղիք տվող եզրույթներ, վիճելի ձեւակերպումներ եւ միմյանց հակասող դրույթներ,
  • կան տեղեկատվության ազատության իրավունքի տեսանկյունից խնդրահարույց ծավալուն լրացված դրույթներ եւ կարգավորումներ, որոնք ուղղակիորեն կապ չունեն տեղեկատվության ազատության իրավունքի հետ,
  • խեղաթյուրված է տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի գաղափարը, եւ ներկայացվող մոդելը որեւէ առնչություն չունի ՏԱ լիազոր մարմնի միջազգային լավագույն փորձի հետ։

Երևանի մամուլի ակումբի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նախագծով քայլ է արվում խոչընդոտել պետական կառույցների թափանցիկ աշխատանքին, մանավանդ լրատվամիջոցների հետ։

«Մենք ևս դեմ ենք արտահայտվում, ինչպես բոլոր լրագրողական կազմակերպությունները, և գտնում ենք, որ այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են, ընդհանրապես պետք է կապ չունենան «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հետ, դրանք լրիվ այլ դաշտից են։ Եթե դրանք ընդգրկվեն նշված օրենքում, այդ օրենքի արդյունավետությունը կորչում է։ Եթե տվյալների պահպանությունը խառնվում է տեղեկատվության ազատության հետ, դա դառնում է խոչընդոտ պետական կառույցների աշխատելու համար։ Տվյալների պահմանության պատրվակով փորձում են պետական կառույցների աշխատանքը ոչ թափանցիկ դարձնել։ Մենք փորձում ենք հասկացնել և պնդել, որ այդ երկու հարցերը իրարից անջատ դիտարկվեն»։

Էմմա Միքայելյան




Լրահոս