ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ երեխայի ծննդյան գրանցման համար որքա՞ն գումար պետք է վճարել եւ ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել:
Հերմինե Նշանյան (26 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծննդի պետական գրանցման, ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում: Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է գրավոր հայտարարություն. ծնողների եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր, երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ՝
ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը, կամ
ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ, կամ ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի կողմից` բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում, կամ
բժշկական կազմակերպությունից դուրս եւ առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում՝ ծննդյան մասին սահմանված ձեւի գրավոր հայտարարություն` տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի կողմից, եւ երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանք:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա: