Բոլոր թեկնածուները հստակեցվում են. ինչ է սպասվում ԳՄ նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցությունը կամփոփի եւ կներկայացնի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական թեկնածուներին: Ինչպես հայտնի է՝ այս օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում տեղի կունենան համայնքների ՏԻՄ ընտրություններ: Ընդհանուր առմամբ համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան թվով 52 համայնքներում, որից 35-ը խոշորացված համայնքներն են:
Այս ընտրությունները, իհարկե, հետաքրքրություն են ներկայացնում նաեւ խոշորացված համայնքների պարագայում, որտեղ փաստորեն համայնքի ղեկավարի լիազորությունների տարածքն ավելի լայն է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, թե իշխող կուսակցությունը թեկնածուների հարցում վերջին հստակեցումներն է անում, որպեսզի  ցանկը ներկայացվի կուսակցության անդամներին:

-Պարո՛ն Թադեւոսյան, հստակեցվե՞լ է, թե ՏԻՄ ընտրություններում ովքեր են լինելու իշխող կուսակցության թեկնածուները:

-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված գրաֆիկով մենք կանենք համայնքի ղեկավարի եւ ավագանիների առաջադրումներ՝ մեր կառույցների որոշմամբ: Աշխատանքներն ընթացիկ եւ ավարտական փուլում են գտնվում: Կան շատ տեղեր, որտեղ թեկնածուները հստակ են, շատ տեղերում արդեն որոշակի են: Մոտ 1-2 օրում բոլոր հստակեցումները կարվեն:

-ՀՀԿ-ն բոլոր տեղերում ունենալո՞ւ է թեկնածուներ:

-Բոլոր համայնքներում ունենալու ենք ե՛ւ համայնքի ղեկավարի, ե՛ւ ավագանու թեկնածուներ: Բոլոր տեղերում մեր մասնակցությունն ունենալու ենք՝ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր ներկայացվածությամբ:

-Մեր տեղեկություններով՝ բոլոր հստակեցումները հենց վաղն է արվելու, եւ արդյունքներն էլ ներկայացվելու են կուսակիցներին:

-Իհարկե, հնարավոր է: Գործադիր մարմնին կզեկուցեմ իրավիճակը, եւ կգանք վերջնական տեսակետների, որից հետո կլինեն համապատասխան հանձնարարականներ, որոշումներ եւ գործողություններ:

-Դուք նշեցիք, թե շատ տեղերում թեկնածուները որոշված են: Փոփոխություններ շա՞տ կլինեն:

-Կունենանք բավականին արդյունավետ փոփոխություններ: Թույլ տվեք դեռ անուններ չհրապարակել: Շատ տեղերում փոփոխություններ կլինեն:

-Իշխող կուսակցությունն իր նախապատվությունը տալիս է երիտասա՞րդ թեկնածուներին, թե՞, օրինակ, 10 տարուց ավել քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձինք կրկին կառաջադրվեն: Որո՞նք են չափանիշները:

-Իհարկե, նախապատվություն տալիս ենք երիտասարդներին եւ այն մարդկանց, ովքեր մեծ հավանականությամբ կարժանանան ժողովրդի վստահությանը: Առաջադրումները կատարվում են՝ տարբեր արգումենտներից ելնելով: Իհարկե, հաշվի ենք առնում շատ հանգամանքներ, հասարակական ընկալումները, ժողովրդի կողմից վստահության հարցերը, թեկնածուի մարդկային ունակությունները, աշխատանքի որակը: Շատ-շատ բաներ հաշվի ենք առնում: Հենց դրանով է պայմանավորված, որ մենք դեռեւս տեղեր ունենք, որ վերջնական որոշում չունենք:

-Ի վերջո, ՀՀԿ-ի շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

-Կարծում եմ՝ ՀՀԿ-ի շանսերը մեծ են: Նախորդ ՏԻՄ ընտրությունները եւ համապետական ընտրությունները դրա վառ օրինակն են: Կարեւոր ինստիտուտ է ՏԻՄ-ը, երբեմն առաջին գիծն է, երբ որ շփվում են ժողովրդի հետ, առօրյա ժողովրդի հոգսերով, եւ այնտեղ բոլոր կուսակցություններն էլ ունեն բարձր դերակատարում: Մենք միշտ էլ պատասխանատվությամբ ենք մոտեցել այդ հարցին եւ գնահատականներ կարող ենք տալ միայն նոյեմբերի հինգից հետո:

Չնայած ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ բացահայտել թեկնածուների անունները, սակայն այս օրերին մամուլում մի շարք համայնքների մասով արդեն անուններ են շրջանառվում:
Արդեն իսկ ակնհայտ է, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իշխող կուսակցության թեկնածուն Առուշ Առուշանյանն է, ով այժմ քաղաքապետի պաշտոնակատարն է: «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ մյուս կուսակցություններն այստեղ դժվար թե թեկնածու առաջադրեն, քանի որ արդեն ակնհայտ է, որ Առուշանյանի պաշտոնի հարցը որոշված է, եւ պայքարի մեջ մտնելն անիմաստ են համարում: Չարենցավանում իշխող կուսակցությունը սատարելու է գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանին, Արտաշատում՝ երիտթեւի ղեկավար Կարեն Բենիամինյանին: Փոփոխություն կլինի Ապարանում. ՀՀԿ-ն որոշել է այս անգամ առաջադրել «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանին: Կապանում էլ իշխող կուսակցությունը կառաջադրի գործող ղեկավար Աշոտ Հայրապետյանին:




Լրահոս