Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում կարող է դադարեցվել կենսաթոշակի վճարումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ե՞րբ կարող է դադարեցվել կենսաթոշակի վճարումը: Ի՞նչը կարող է պատճառ դառնալ:

Լաուրա Հայրապետյան (67 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, եթե կենսաթոշակառուն`

ա) մահացել է կամ ճանաչվել անհայտ բացակայող.

բ) 12 ամիս անընդմեջ կենսաթոշակ չի ստացել.

գ) կրկին հաշմանդամ չի ճանաչվել հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում. դ) կորցրել է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը, եւ լրացել է նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը.

ե) տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից 1 տարի շուտ կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում.

զ) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում.

է) ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում. ը) ՀՀ հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում.

թ) աշխատանքային եւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող անձին 5 տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.

ժ) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով` լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը 12 ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում.

ժա) կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, չի ներկայացել բանկ եւ հայտարարություն ստորագրել ՀՀ-ում լինելու մասին.

Ժբ) կենսաթոշակի գործում կեղծ փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ դադարեցված կենսաթոշակի վճարումը կենսաթոշակի իրավունք տվող նոր հանգամանքներ առաջանալու կամ նախկին հանգամանքները պատշաճ կարգով հաստատվելու դեպքում վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:




Լրահոս