ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղոթք` եկեղեցուց հեռու և գաղտնի. հոգևորսության դեպքերն ավելանում են, իսկ եկեղեցին ամեն ինչ թողել է ինքնահոսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրոնական կազմակերպություններն աղոթքի ծառայություններ են մատուցում, իսկ եկեղեցին ավելացնում է հոգևորականների թիվը

Օրերս մեր ձեռքի տակ հայտնվեց մի հայտարարություն, որով մարդկանց հրավիրում էին աղոթքի ծառայության: Որոշեցինք գնալ հայտարարության հետքերով: Աղոթքի ծառայությունը տեղի է ունենում խուլ ու համրերի մշակույթի պալատի դահլիճում:
Մոտենալով դահլիճի դռանը՝ այնտեղ կանգնած երկու հսկող կանայք, նկատելով մեր հեռախոսը, նախ հրահանգեցին անջատել այն, նոր միայն ներս թողեցին: Դահլիճում ներկա էր մոտ 3 տասնյակի հասնող մարդ՝ կանայք, տղամարդիկ, մանկահասակ երեխաներ: Բեմում էին քարոզիչը եւ երեխաների երգչախումբը, որը գովերգում էր Հիսուս Քրիստոսին:

Փորձեցինք գոնե մի քանի կադր որսալ, սակայն անմիջապես նկատելով հեռախոսը՝ բավական կոպիտ տոնայնությամբ բեմից հրահանգվեց անջատել այն՝ նշելով, որ բոլորի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տեսանկարահանում տեղի չի ունենալու: Տեսանկարահանում իրականացնել չհաջողվեց, սակայն կարողացանք ձայնագրել այդ արարողությունից մեկ հատված, որի ժամանակ քարոզիչը գովերգում է Հիսուս Քրիստոսին, փառաբանում նրան: Այս ողջ ընթացքում, ներկաներն իրենց ձեռքերը վեր պարզած, Հիսուսի անունն էին վանկարկում եւ փառք տալիս նրան: Քարոզիչը, սակայն, սաստում էր յուրաքանչյուրին, ում ձայնն իր ձայնից բարձր էր:

Դահլիճում ներկա տղամարդկանցից մեկը տեսանկարահում էր երգչախմբի եւ քարոզչի ամբողջ ելույթը:

Արարողության ողջ ընթացքում ակնհայտ էր տոտալ հսկողություն կոնկրետ մեր նկատմամբ: Պատճառը ենթադրվում է՝ այն էր, որ նախ՝ անծանոթ էինք ներկաներին, բացի այդ՝ վախ կար, որ որեւէ ինֆորմացիա դուրս կգա դահլիճի սահմաններից: Ընդ որում, հսկում էր ոչ միայն քարոզիչը, այլեւ աղոթքին ներկաները: Նրանցից մեկը, նկատելով պայուսակի վրա դրված հեռախոսը, ասաց, որ եթե այն միացված է, ապա պարտավոր ենք անջատել: Ստանալով պատասխան, որ հեռախոսն անջատված է, այլեւս հարցեր չուղղեց, սակայն նույնիսկ լռության պարագայում զգում էինք մեզ ուղղված նրա ակնդետ հայացքը:
Մեզ համար մտահոգիչ է այն փաստը, որ այս ողջ արարողությանը ներկա էին ամենատարբեր տարիքի երեխաներ: Նրանց տարիքը տատանվում էր մի քանի ամսականից մինչեւ 15-16 տարեկանների շրջանում: Թե ինչ կազմակերպություն էր, ինչու էին աղոթում, այդպես էլ չկարողացանք հասկանալ:

Այն, որ ներկայումս Հայաստանում գործում են ամենատարբեր կրոնական կազմակերպություններ, անհերքելի փաստ է:

Անդրադառնալով կոնկրետ մեր մատնանշած դեպքին՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ աղոթքի ծառայություն տերմինն իր ամբողջ բովանդակությամբ եւ էությամբ արդեն իսկ աղանդավորական է: Վերջինիս խոսքով՝ աղոթքի ծառայություն եզրույթի տակ, որքան էլ որ հայտարարվում է, որ այն անվճար է, ենթադրվում է բիզնես, իսկ սա հոգեորսությամբ մարդկանց իրենց թիրախը գցելու մի տարբերակ է:

«Ե՛վ այդ անվճար բառը, ե՛ւ աղոթքի ծառայություն ձեւակերպումը, ե՛ւ հատուկ ընդգծումն ու շեշտադրումը, որ մենք աղոթում ենք, ե՛ւ դուք կբուժվեք կոնկրետ այս կամ այն հիվանդություններից, սա արդեն առաքելահաստատ եկեղեցիների համար խորթ ձեւակերպում է: Սա վկայում է այն մասին, որ մենք գործ ունենք հոգեորսության ամենադասական օրինակներից մեկի հետ», – նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Մեր այն հարցին, թե, ի վերջո, ինչից ելնելով են մարդիկ մաս կազմում տարբեր կրոնական կազմակերպությունների, Տեր Եսային ընդգծեց՝ նայած, թե որ կազմակերպության մասին է խոսքը:

«Կան կրոնական կազմակերպություններ, որտեղ կոնկրետ ասվում է, որ դուք կգաք մեզ մոտ, մենք կաղոթենք, եւ դուք կհարստանաք, կան կրոնական կազմակերպություններ, որտեղ առաջարկվում է առողջություն եւ բժշկություն՝ մենք ձեզ համար կաղոթենք, եւ դուք կբժշկվեք անգամ անբուժելի հիվանդություններից: Առհասարակ մարդկանց գայթակղում է այն հանգամանքը, որ կարծես թե ամեն ինչ շատ հեշտ է. մասնակցել կրոնական կազմակերպության այս կամ այն հավաքին, եւ կլինի հարուստ, եւ կառողջանա: Իրականում գայթակղիչ առաջարկ է, բայց անկեղծորեն միամիտ հոգիների համար», – կարեւորեց քահանան:

Տեր Եսային համաձայն չէ տարածված տեսակետի հետ, որ գնալով կրոնական կազմակերպությունների թիվն աճում է: Վերջինիս խոսքով՝ սա չափազանցված տեղեկատվություն է, եւ իրականում կրոնական կազմակերպությունները ոչ թե ավելանում են, այլ պակասում են:

«Բացառությամբ խարիզմատ ուղղության կրոնական կազմակերպությունների, որտեղ անդամների թվի աճ են գրանցում, մյուս բոլոր կրոնական կազմակերպությունները կորցնում են հավատացյալներ, որովհետեւ մարդիկ այդպես էլ չեն հարստանում միայն աղոթելով, եւ չեն բժշկվում միայն պաշտամունքներին մասնակցելով», – կարծում է Տեր Եսային:
Վերջինս նշեց, թե որքան ավելանում է հոգեւորականների թիվը, այնքան քարոզն է ավելանում, իսկ քարոզչության միջոցով մարդիկ կարողանում են հետ մնալ այս կամ այն կրոնական կազմակերպությունից՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Առաքելական եկեղեցին ուղղված կրոնական կազմակերպությունների դեմ:
«Եկեղեցին երբեք չի պայքարում ընդդեմ, մեր քարոզչության, մեր հովվական գործունեության նպատակը երբեւէ ընդդեմ ինչ-որ բանի չէ, այլ հանուն է», – ասաց քահանան՝ եզրափակելով, որ եթե նույնիսկ մեկ կամ երկու աղանդավորական կա մեր իրականության մեջ, դա մտահոգիչ է:

Չենք կարող ասել, թե, ի վերջո, մարդկանց ինչն է ստիպում մաս կազմել կրոնական տարբեր արարողությունների, որտեղ ակնհայտորեն հոգեորսությամբ են զբաղվում: Սա նման չէր հավատի, նման չէր կրոնական արարողության: Գուցե մարդկանց այստեղ է բերում ֆինանսական շահը, գուցե նրանք այստեղ են գալիս հոգեւոր ինչ-որ պահանջմունքներ բավարարելու: Ամեն դեպքում կարեւոր է, որ վերջնական արդյունքում ցանկացած մարդ իրեն խաբված չզգա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Առաքելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս