Լևոն Երանոսյանի թիմակիցը պետք է կալանավորվի. փոխոստիկանապետի մտերիմի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արմեն Դանիելյանը եւ Ռուզաննա Բարսեղյանը որոշել են՝ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի թիմակիցը պետք է կալանավորվի եւ հետագա պատիժը կրի ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկում:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը:

Այդ դեպքն ունեցավ իր շարունակությունը. արդեն մարտի 14-ին արձանագրվեց նոր միջադեպ, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանն այլ անձանց հետ ծեծի ենթարկեց Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանին՝ արձակելով նաեւ կրակոցներ, որոնց արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվեց թեթեւ վնաս, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահասին՝ միջին ծանրության վնաս:

Իհարկե, փոխոստիկանապետ Երանոսյանը փորձել էր ջրից չոր դուրս բերել ՀՀԿ-ականին. արդյունքում՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սարգսյանի համար պատիժ էր սահմանել մեկ տարի ազատազրկումը, սակայն որոշել էր պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան եւ դատարանի դահլիճից նրան ազատ էին արձակել:

Սակայն այս որոշումը բողոքարկվեց դատախազ Տիգրան Ենոքյանի կողմից: Նա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարանում՝ պահանջելով, որ դատարանը վերացնի Տիգրան Սարգսյանի նկատմամբ կիրառված պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշումը եւ նրան կալանքի տակ թողնի:

Եվ ահա ս.թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը, Արմեն Դանիելյանը եւ Ռուզաննա Բարսեղյանը, քննելով մեղադրող դատախազի բողոքը, որոշել են բավարարել այն՝ բեկանելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով որոշումը բեկանվել է, եւ թողել են, որ նա կրի ազատազրկում` 8 ամիս 2 օր ժամկետով:

Քնար Մանուկյան




Լրահոս