ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս է կնքվում: Ուզում եմ մանրամասն իմանալ, թե որքա՞ն է կազմում աշխատողի համար սահմանված աշխատաժամանակի տեւողությունը:
Հասմիկ Պետրոսյան (32 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է գրավոր` կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա առկայության դեպքում), ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում նրա աշխատանքը կանոնակարգող գործատուի այլ իրավական ակտերին:
Աշխատողը պարտավոր է աշխատանքային պայմանագրում նշված oրն անցնել աշխատանքի: Աշխատանքային պայմանագրում նշված oրն անհարգելի պատճառով աշխատանքի չներկայանալը հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 85-րդ հոդված)
Հայտնում ենք նաեւ, որ աշխատաժամանակի նորմալ տեւողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից: Ամենoրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից՝ բացառությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքով, oրենքով, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ 2016թ. սեպտեմբերի դրությամբ զբաղվածների թիվը Հայաստանում կազմել է շուրջ 1 մլն 10 հազար քաղաքացի, ինչը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է շուրջ 9%-ով: Ի դեպ, գործազրկությունը կազմել է շուրջ 18,1%, մինչդեռ նախատեսված էր այն նվազեցնել մինչեւ 16,5%: Իսկ զբաղվածության մակարդակը նախատեսված էր հասցնել 58,7%-ի, սակայն այն կազմել է ընդամենը 50%: Նշենք, որ 2016թ. մեկ թափուր աշխատատեղի համար հավակնել է 53 մարդ: