ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչքա՞ն գումար է վճարվում Հայաստանի Հանրապետության հեռավոր եւ սահմանամերձ բնակավայրեր գործուղված ուսուցիչներին: Նրանք լրացուցիչ որքա՞ն գումար են ստանում:
Վարսեր Մանուկյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային եւ բարձր լեռնային բնակավայրեր գործուղված ուսուցիչներին տրամադրվում է`
1) գույքի տեղափոխման գումար` 15000 դրամ,
2) ճանապարհածախսի փոխհատուցում` տարեկան մինչեւ 4 անգամ,
3) բնակարանի վարձ` ամսական 10000 դրամ,
4) կեցության այլ ծախսեր` ամսական 5000 դրամ:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ սամանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրերում աշխատող ուսուցիչներին ՀՀ կառավարության կողմից ընդունած կարգին համապատասխան՝ տրամադրվում է աշխատավարձի հավելավճար: Ընդունված նորմերը գերազանցող ուսուցչի աշխատանքը վարձատրվում է: Դասարանային ղեկավարման համար աշխատավարձի հավելավճարի չափը կազմում է.
ա) 1-ից 4-րդ դասարանների համար՝ ընդունված դրույքաչափի 20%-ի չափով.
բ) 5-ից-10-րդ (11-րդ) դասարանների համար՝ ընդունված դրույքաչափի 30%-ի չափով:
Ավելացնենք նաեւ, որ գյուղական դպրոցներում աշխատանքի անցած մասնագետներին տնտեսություն հաստատելու համար համայնքային բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է միանվագ նպաստ՝ պաշտոնական դրույքաչափի տասնապատիկի չափով: Բայց մեծ հաշվով՝ գրոշներ: