Իշխանության վարքագիծը հակագրքային է. իսկ ո՞ր պաշտոնյաներն են, որ անտարբեր չեն գրքի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը «Անտարես» հրատարակչության խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանից հետաքրքրվեց` իշխանական էլիտայի շրջանակում, ըստ իր դիտարկումների, ովքե՞ր են հետաքրքրված գրականությամբ, ովքե՞ր յուրահատուկ վերաբերմունք ունեն գրքի հանդեպ:

-Պարո՛ն Նիկողոսյան, պաշտոնյայի` գրքով հետաքրքրված լինելը կոնկրետ ո՞ր դրսեւորումներում եք նկատում:

-Դա երեւում է նրա ինտելեկտից, իսկ ավելի ուղղակի դեպքերում, օրինակ, այն ժամանակ, երբ նրան հանդիպում ես գրախանութում:

-Ըստ Ձեզ`ո՞ր պաշտոնյաներն են, որ գրքի հանդեպ անտարբեր չեն:

-Ինձ իրավունք չեն վերապահի բոլորի մասին խոսել, բայց ասեմ, որ գիրքը արժեւորող պաշտոնյաներից է, օրինակ, ՀՀ փոխվարչապետ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը, ինչպես նաեւ նրա եղբայրը` ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, որը քայլող ինտելեկտ է: Գրքասերների թվում պետք է նշեմ նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը, որն, ի դեպ, գիտի ժամանակակից գրողների գործերը եւ, այսպես ասած, հետեւողի բնավորություն ունի, կառանձնացնեմ նաեւ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանին, որն, ի դեպ, շատ լավ պոետ է, ինչպես նաեւ` ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանին: Նույն խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը եւս կարեւորում է ընթերցանությունը. նա պարբերաբար ֆինանսապես աջակցում է գրական թերթերին: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւս ուշադիր է գրքի հանդեպ. դա երեւում է նաեւ իր վարած քաղաքականությունից: Մտաբերեցի նաեւ մի դրվագ, որի մասին կցանկանայի պատմել: Մի անգամ ականատես եղա, թե ինչպես ԱԺ պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքի առիթով վերջինիս ընկերներից մեկը, որն աշխատում է նախագահի աշխատակազմում, 60 կտոր գիրք գնեց` նրան նվիրելու համար:

-Այդ դեպքում ինչպե՞ս է Հայաստանում ստեղծվել հակագրքային մթնոլորտ, որի մասին Դուք ինքներդ էլ հաճախ ահազանգում եք:

-Գրքի հանդեպ ընդհանուր վերաբերմունքն է վատը: Իշխանության վարքագիծը հակագրքային է, միայն որոշ անհատներ են, որ անտարբեր չեն գրքի նկատմամբ: Այն պայմաններում, երբ գիրքը հարկվում է, ինչպես երշիկը, երբ գրադարաններն անմխիթար վիճակում են, գիտելիքով մարդն էլ շարունակում է իր տեղը զիջել ամենատարբեր կապերին ու հարաբերություններին, մենք կարող ենք մեզ ընդհանրացումներ անելու իրավունք վերապահել:

-Իսկ ի՞նչ է հարկավոր անել, որ հանրապետությունում հակագրքային այս մթնոլորտը փոխվի:

-Հասարակությունն ինքը պետք է ընթերցող լինի: Եթե դու չես կարդում, ո՞նց կարող ես պահանջել, որ իշխանությունդ ընթերցասեր լինի:

-Իսկ իշխանական էլիտայի ընթերցասերները կարո՞ղ են մթնոլորտ փոխել:

-Նրանք կարող են միայն իրենց շուրջը որոշ բաներ փոխել: Եթե այսօր ինչ-որ լավ բաներ կան, դրանք առանձին մարդկանց, էնտուզիաստների արած գործն է: Դրանք այն մարդիկ են, որոնք շարունակում են հավատալ ինտելեկտուալ, մշակութային Հայաստանին եւ չեն հիասթափվում: Իսկ եթե մենք իսկապես մտածում ենք մեր երկրի մասին, չպետք է հուսահատվենք, եւ որ շատ կարեւոր է` ինքներս պետք է ընթերցասեր լինենք: Թե չէ, հայերիս մի զգալի հատված գիրք չի կարդում, բայց ուզում է, որ պաշտոնյան կարդացած լինի, գրադարան չի այցելում, բայց ասում է. «Պահպանենք գրադարանները»: Եթե մեր հանրությունը հեղափոխություն է ուզում, պետք է դիմի ամենաանարյուն ու գեղեցիկ ձեւին` գրքի միջոցով հեղափոխությանը:

-Կարծում եք` Հայաստանում հնարավո՞ր է գրքի միջոցով հեղափոխություն անել:

-Այո՛, եթե այսօրվա պայմանները հաշվի առնենք, գուցե սա լավատեսական մոտեցում է, բայց եթե գլոբալ նայենք, նաեւ իրատեսական:

Աննա Բաբաջանյան




Լրահոս