«ՏԵՂԱԿԱՆ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂԸ ՄՆԱՑ ՓՇԱԼԱՐԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվի այս տարվա նոյեմբերի 3-րդ տասնօրյակում: Մշակույթի նախարարությունն արդեն հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծը, որի նախնական տարբերակը քննարկվել է կինոգործիչների հետ։ Նախարարությունը կինոգործիչներին ժամանակ է տվել` օրենքին ծանոթանալու եւ իրենց դիտարկումները ներկայացնելու համար։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է կինոռեժիսոր Արամ Շահբազյանի հետ։

-Պարո՛ն Շահբազյան, ի՞նչ տպավորություններ ունեք «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքից։
-Կասեմ կարճ՝ դա ոչ թե օրենքի նախագիծ է, այլ բիզնես պլան։ Ամեն պայման ապահովված է օտարերկրյա ներդրողների համար, ինչը չենք կարող ասել տեղական արտադրողի առնչությամբ. վերջինս մնաց փշալարերից կախված։ Հստակ կանոնակարգված չէ՝ ինչ բան է ազգային կինոն։ Չկա մի կետ, որը կնպաստի ազգային կինոյի զարգացմանը։ Ազգային կինոյի զարգացումն այն է, երբ խթանում ես քո երկրի քաղաքացի հանդիսացող արտադրողի, ստեղծագործական խմբի գործունեությունը։ Օրենքը շատ բացեր ունի։ Հստակ չէ, օրինակ, թե Ազգային կինոկենտրոնը ինչ սկզբունքով է դրամաշնորհներ բաշխում եւ կոնկրետ ում։ Ես այս մասին բարձրաձայնել եմ դեռ այն ժամանակ, երբ օրենքի նախագիծը չկար։ Այս օրենքին կինոգործիչներն, իսկապես, երկար են սպասել, այնինչ` օրենքը ծամծմվեց, ծամծմվեց, իսկ արդյունքը, ցավոք, գոհացուցիչ չէ։ Հիշում եմ, որ տարիներ առաջ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասում էր, թե մեզ կինոյի մասին օրենք պետք չէ։ Տարիներ հետո եկան այն եզրակացության, որ, այնուամենայնիվ, օրենքը մեզ պետք է։ Որոշ ժամանակ առաջ եղավ կինոգործիչների հետ նախնական հանդիպում, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ քննարկվեց օրենքը, անդրադարձ կատարվեց այն հարցին, որ հայաստանյան կինոգործիչների համար համապատասխան պայմաններ չեն ստեղծվել, որ նրանք առավելություններ չունեն, առաջարկվեց վերամշակել օրենքը, այնինչ` հետո նախագիծը նույն տեսքով «դեմ տվեցին» մեզ, ասացին՝ պետք է ընդունվի։
-Կինոոլորտում մասնավոր ներդրումների մասով ի՞նչ կասեք։ Ըստ օրենքի՝ կա՞ն շահագրգռող պայմաններ ներդրողների համար։
-Կասեմ, որ համապատասխան պայմաններ չկան։ Հստակ չէ՝ մասնավորն ինչ առավելություն կունենա, եթե ներդրում կատարի կինոոլորտում։ Մարդը ներդրում է անում կինոյում, նրանից գանձում են նույնքան հարկեր, որքան կգանձեն կոշիկ ներկրողից։ Պարզ չէ՞, որ մասնավորը այդ պարագայում նախապատվությունը կինոյի ոլորտին չի տա։ Պետք է նկատել նաեւ, որ օրենքի համաձայն պրոդյուսերական ինստիտուտը նորից անկատար է մնում։
-Եթե «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը համեմատենք արտերկրում գործող կինոյի մասին օրենքի նախագծերի հետ, պատկերն ինչպիսի՞ն կլինի։
-Անկեղծ ասած՝ նախանձով եմ նայում, թե ինչպես, օրինակ, Վրաստանում կինոն զարգացում է ապրում։ Բացե՛ք միջազգային փառատոներն ու տեսե’ք վրացական կինոյի զարգացման տեմպը. դա օրենքի արդյունավետ նախագիծ մշակելու արդյունքն է։
-Օրենքի նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների շրջանակներում առնվազն 100 մլն դրամի չափով ֆիլմարտադրություն իրականացնելու դեպքում ֆիլմարտադրողը ֆիլմարտադրության ծախսերի կազմում ներառված աշխատանքները, ծառայությունները մատակարարներից ձեռք է բերելու դրանց նվազագույն շահավետ գնից 20 տոկոս ցածր գնով, իսկ մատակարարների չստացած եկամուտը փոխհատուցվելու է պետական բյուջեից:
-Արդյունքում հայաստանյան արտադրողին ձեռնտու է գնալ, Վրաստանում կինո նկարել, որ Վրաստանի քեշ-բեքը ստանա, պարզվում է` ավելի հեշտ է նստել, գնալ այդ երկրում կինո նկարել, քան քո երկրում։
-Նախագծով նախատեսված է նոր կառույցի` ֆիլմ-հանձնաժողով ազգային մարմնի ստեղծումը, որը ներկայացնելու է ֆիլմարտադրողների շահերը` դառնալով կապող օղակ վերջիններիս եւ պետության, ինչպես նաեւ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների միջեւ։ Ի՞նչ եք կարծում` այս մարմնի ստեղծումը կծառայի՞ իր նպատակին։
-Այդ նախաձեռնությունն ինձ համար զվարճալի է, քանի որ Հայաստանը շատ փոքր երկիր է, եւ պարզ չէ՝ ինչպես պետք է անեն, որ այդ մարմնի անդամներն ու կինոգործիչներն իրար խնամի-ծանոթ-բարեկամ դուրս չգան։ Ես կինոկենտրոնում առաջարկությամբ եմ հանդես եկել՝ նշելով, թե ինչպես պետք է գործի ֆիլմ-հանձնաժողովը։ Դրա անդամները պետք է Հայաստանից չլինեն, որպեսզի ապահովվի անկաշառ գործընթաց, բացի այդ՝ օտարերկրյա կինոգործիչները կարող են հուշել՝ որքանով է ֆիլմը համապատասխանում համաշխարհային կինոյի պահանջներին։ Ինձ ասացին, որ առաջարկս ընդունում են եւ կմտածեն այդ ուղղությամբ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՇՆՈՐՀՎԵԼ ԵՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ
Սերժ Սարգսյանի հրամանագրերով` Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի եւ սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման եւ ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգեւատրվել են ՀՀ բարձրագույն պարգեւներով` շքանշաններով եւ մեդալներով, շնորհվել են նաեւ պատվավոր կոչումներ:
Երգչուհի Սիրուշոն ստացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Վաստակավոր արտիստի կոչում են ստացել նաեւ երգիչ Արամեն ու Մհերը, դերասան Մկրտիչ Արզումանյանը, իսկ Արտո Թունջբոյաջյանին էլ շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Դերասան Ռաֆայել Քոթանջյանն ու կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը նույնպես պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Հավելենք, որ Ջիվան Գասպարյանն ու Հովհաննես Չեքիջյանը պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:
Սերժ Սարգսյանը պետական պարգեւներով պարգեւատրել է հայկական սպորտի զարգացման գործում ավանդ ունեցած մի խումբ մարզիկների. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են ծանրորդներ` օլիմպիական փոխչեմպիոններ, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոններ Գոռ Մինասյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգեւատրվել է Համաշխարհային ուսանողական խաղերի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը: Ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:
Պարգեւատրվել են 2017թ. ամռանը հանրապետության տարբեր տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունեցած եւ խիզախությամբ աչքի ընկած մի խումբ անձանց:
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ընթացքում «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով պարգեւատրվել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալներ Վրեժ Գաբրիելյանն ու Արթուր Խաչիկյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական վարչության պետ Հովհաննես Ենիչյանը: Մ. Ղազարյանն արժանացել է փրկարար ծառայության գեներալի կոչման:
Սերժ Սարգսյանը պարգեւատրել է նաեւ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցած Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին: ՌԴ ԱԻՆ փրկարարական ջոկատի ղեկավար Եվգենի Սենիկը եւ ՌԴ ԱԻՆ թռիչքների անվտանգության ծառայության պետ Սերգեյ Կերելինը պարգեւատրվեցին արիության մեդալով:

 

 

 
ԹԱԹԱՆ ԿՊԱՏԺԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՐԳՉԻՆ

Հայկական շոու-բիզնեսի հայտնի դեմքերից մեկը՝ երգիչ Թաթան, պլագիատի թիրախում է հայտնվել։ Ադրբեջանցի երգիչ Էլիկրամ Բայրամովը ոչ միայն գողացել է նրա «Մի տանի, տանի» երգը, նախորդ տարվա հունիսին յութուբյան իր ալիքում տեսահոլովակ տեղադրել երգի հիման վրա, այլեւ բողոք է ուղարկել Youtube-ին, որպեսզի արգելափակեն Թաթայի կատարումը։ Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ «Թաթա փրոդաքշն»-ի նախագահ, պրոդյուսեր Գրիգոր Նազարյանից։

Նա նշեց, որ իրենք դիմել են «Հայ հեղինակին»՝ Թաթայի իրավունքները պաշտպանելու համար.«Մենք ձեռնարկելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ադրբեջանցի երգիչը պատժվի։ Պետք է հետեւողական լինենք, որպեսզի Youtube-ը արգելափակի հենց Բայրամովի կատարումը։ Թաթայի երգերը բոլորն էլ երգում են, բայց ոչ ոք դեռ նման նենգ քայլի չէր դիմել»։
Պրոդյուսերը պատմեց, որ կատարվածից Թաթան ինքը բավական զարմացած է. «Նա իսկապես լարված է, Թաթայի ուղեղի մեջ չի տեղավորվում, թե ինչպես կարող էր ադրբեջանցի այդ երգիչն իրեն այդպես պահել»։
Երկրպագուների մտահոգություններին ի պատասխան` նշենք, որ «Մի տանի, տանի» երգը Youtube-ը չի արգելափակել.«Երգի հեղինակն, ի դեպ, հենց Թաթան է,այն 18 տարվա պատմություն ունի։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի երգիչը երգը կատարում է մեր գործիքավորման հիման վրա, Արմեն Հյուսնունցի սաքսոֆոնի նվագակցությամբ»,-ասաց Գ. Նազարյանը։
Մենք հետաքրքրվեցինք՝ ո՞ր երկրներից են ամենաշատը գողանում Թաթայի երգերը. «Վրացիներն են հաճախ երգում նրա երգերը, հրեաներն են պաշտոնական եւ ոչ պաշտոնական միջոցներով դիմում մեզ՝ նրա ստեղծագործությունները կատարելու համար»,-պատասխանեց պրոդյուսերը։
Իսկ հարցին, թե որն է Թաթայի ամենաշատ գողացված երգը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ «Անապատի արեւն» ու «Տեսել եմ»-ը։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս