ՀԱՐՑ. Եթե գործատուն աշխատավարձը չի հաշվարկում եւ վճարում, ապա ի՞նչ պատասխանատվության նա պետք է ենթարկվի:
Հրանուշ Գեւորգյան (32 տարեկան, վաճառողուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով կամ ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը կամ չվճարելը կամ ոչ աշխատողի մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ վճարում չկատարելը կամ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելը կամ այդ մեծությունը գերազանցող չափով աշխատավարձը սխալ հաշվարկելը առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ յուրաքանչյուր աշխատողի մաuով չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ, մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` յուրաքանչյուր չհաշվարկված կամ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ գործատուն պարտավոր է կատարված աշխատանքի համար վճարել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձը` անկախ տնտեսական գործունեության արդյունքներից: Արգելվում է աշխատանքի վարձատրության բնագավառում խտրականությունը՝ անկախ ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, տարիքից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
Ի դեպ, կազմակերպության անվճարունակության (սնանկացման), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքերում առաջին հերթին վճարվում են չվճարված աշխատավարձերը: