ԱԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ՝ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԱՆՑՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմները` Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը: Դեպքից անցել է 14 օր, սակայն սպանությունը դեռեւս բացահայտված չէ:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե ինչ փուլում է գտնվում գործը: Ի պատասխան՝ հայտնեցին, թե. «Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ: Քննության շահերից ելնելով՝ պարզված հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն»:
Այն, որ Արտյոմ Հարությունյանի մտերիմների սպանությունը քրեական «ռազբորկաների» հերթական դրսեւորումն էր, որեւէ մեկի մոտ կասկած չի առաջացնում: Իսկ այն տեղեկությունները, որ իրականում Կարեն Դավթյանի եւ Լեւոն Ավետիսյանի սպանությունը քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի նկատմամբ սպանության նախապատրաստության շարունակությունն է, դեռեւս չի հիմնավորվում: Ինչպես հայտնի է՝ մայիսի 24-ին Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ էր նախապատրաստվել, սակայն ենթադրյալ հանցագործները այն ավարտին չէին հասցրել, քանի որ բռնվել էին իրավապահների կողմից: Գործով այս օրերին կան կալանավորված 4 անձ: Դեպքից հետո առաջ քաշված առաջին վարկածն այն էր, որ սպանության հետեւում կանգնած է Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանեւսկոն: Ու մինչ ԱԱԾ-ն քննում էր այս գործը, սեպտեմբերի 12-ին սպանվեցին Արտյոմ Հարությունյանի մտերիմները` Կարենը եւ Լեւոնը: Ըստ լուրերի՝ Էջմիածնում քիլլերների կողմից վարձակալած բնակարանի հետ կապ ուներ Կարենը: Ասել է, թե Դոն Պիպոն որոշեց սեփական միջոցներով իր դեմ մահափորձ կատարած անձանց պատժել:
Իսկ ի՞նչ կապ կարող էին ունենալ սպանվածները Դոն Պիպոյի դեմ նախապատրաստված մահափորձի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի պատասխանը ստանալ ազգային անվտանգության ծառայությունից, որը քննում է սպանության նախապատրաստության գործը: ԱԱԾ տնօրեն Գեւորգի Կուտոյանից մասնավորապես հետաքրքրվել էինք, թե սպանված Կարեն Դավթյանը եւ նրա վարորդը` Լեւոն Ավետիսյանը, ինչ առնչություն ունեն մայիսի 24-ին բացահայտված քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի դեմ կատարված սպանության նախապատրաստության առթիվ հարուցված քրեական գործի հետ: Եթե կապ ունեն, ապա դատավարական ինչ կարգավիճակ ունեն նրանք Արթուր Ասատրյանի դեմ կատարված սպանության նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով:
Ի պատասխան մեր հարցման՝ ԱԱԾ քննչական վարչության պետ, գնդապետ Միքայել Համբարձումյանը գրավոր հայտնել է. «Տեղեկացնում ենք, որ Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստության փաստի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությունում 2017 մայիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ 235 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ էր հարուցվել, որի նախաքննությունը իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը: 2017 թվականի հունիսի 14-ին սույն քրեական գործը ստացվել Է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում` ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, նախաքննությունը շարունակելու նպատակով: Նույն օրը քրեական գործը ընդունվել է վարույթ, ստեղծվել է քննչական խումբ, եւ նախաքննությունը շարունակվում է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում»:
Իսկ ինչ վերաբերում է սեպտեմբերի 12-ին Էջմիածնում սպանվածներին, ապա ԱԱԾ-ն այս մասով բավականին կարեւոր տեղեկություն է տվել: «Դիմումի 1-ի եւ 2-րդ կետերի առնչությամբ հայտնում ենք, որ Կարեն Դավթյանը եւ Լեւոն Ավետիսյանը սույն քրեական գործով որեւէ դատավարական կարգավիճակ չունեն եւ չեն հարցաքննվել»: Այսինքն՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմները որեւէ կերպ չեն կասկածվել Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործի մեջ:
Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչ փուլում է գտնվում երեք ամիս առաջ Արթուր Ասատրյանի դեմ իրականացված սպանության նախապատրաստության առթիվ հարուցված քրեական գործի քննությունը, Միքայել Համբարձումյանը նշել է. «Հայտնում եմ, որ նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, եւ իրականացվում են քննչական գործողություններ` ուղղված գործի օրինական, հիմնավորված եւ արդարացի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները բացահայտելու նպատակով ապացույցներ հավաքելուն, ստուգելուն եւ գնահատելուն: Հաշվի առնելով, որ սույն քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, գործի ընթացքի եւ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ նախաքննության ներկայիս փուլում այլ տեղեկություններ տրամադրվել չեն կարող»:
Այսպիսով՝ կբացահայտվի՞ նշված երիտասարդների սպանության դրդապատճառը, կհայտնաբերվե՞ն սպանողները, դեռեւս դժվար է ասել: Իհարկե, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուրում սեպտեմբերի 21-ին, անդրադառնալով քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկալի սպանությունների թեմային, ասել էր, թե. «Ոստիկանությունը աչք չի փակում, չբացահայտվող դեպքեր չկան: Երկու դեպքեր են` մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, շուտ կբռնենք»:
Նկատենք, որ այս օրերին Հայաստանում էր Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, սակայն իրավապահները նրա հետ «հարցուպատասխան» չունեցան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՍՊԱՐՏԱԿԻ ԳՈՐԾԸ ԿԱՍԵՑՎԵՑ
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս եկավ: «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրու Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել:
Մասնավորապես Սպարտակ Ղուկասյանը դաժան ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն՝ աչքի շրջանում պատճառելով վնասվածքներ: Սակայն տուժածը դեպքից հետո «անհետացել էր», եւ իրավապահները տեւական ժամանակ չէին կարողանում նրան գտնել: Չի բացառվում, որ նրան թաքցրել էին, որպեսզի վնասվածքներն անհետանան, բուժվի, որից հետո միայն ներկայանա իրավապահներին եւ ասի, թե վնասվածք չունի, բողոք չունի:
Ահա, այսպես մինչ ծեծի ենթարկվածը փախուստի մեջ էր, ծեծի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր. 258 հոդվածի` խուլիգանություն հատկանիշներով:
Արդյունքում, դեպքից մեկ ամիս անց հայտնաբերվեց նաեւ ծեծի ենթարկվածը, եւ ինչպես կանխատեսել էինք, իրավապահներին ասել էր՝ որեւէ ծեծկռտուք տեղի չի ունեցել, որեւէ մեկն իրեն չի խփել, եւ այսպես շարունակ:
Այսպիսով՝ սկսվեց հարցաքննությունների շարքը: Մի քանի անգամ հարցաքննության էին հրավիրել ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին, որը եւս պնդել էր, թե մարդ չի ծեծել:
Դատելով այս դեպքի ընթացքից եւ ծեծի մասնակիցների ցուցմունքից՝ արդեն ենթադրվում էր, որ իրավապահ համակարգը ցանկանում էր կատարվածը կոծկել:
Բանն այն է, որ մեր հրապարակումից հետո նոր իրավապահները գործի անցան, նախ հարուցեցին քրեական գործ, հետո սկսեցին փնտրել ծեծի ենթարկվածին:
Եւ ահա 4 ամիս տեւած քննությունից հետո խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը հանգուցալուծվեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 31 հոդվածի առաջին մասի առաջին կետով գործը կասեցվել է` քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ:
Այսպիսով՝ իրավապահ համակարգը այդպես էլ չկարողացավ կամ չհամարձակվեց պատասխանատվության կանչել կամ, այսպես ասած, մեղադրյալ ներգրավել աղմկահարույց պատմություններով հայտնի ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին: Եւ գործը «փակվեց»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԱՆՆՊԱՏԱԿ
«Կովկաս»-ի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հայտնել է. «Սպասել, որ «Հայաստան-Սփյուռք» համաժողովը կարող էր միավորել աշխարհի հայերին մի հարցի շուրջ, լուրջ չէ: Ես չեմ կարող ասել, որ հանդիպման նպատակն իրականացավ, քանի որ ոչ մի լուրջ նպատակ դրված չէր»: Ըստ նրա՝ պաշտոնյաների կողմից ներկայացված զեկույցները բավականին «շաբլոն» էին: Նրա խոսքով՝ կազմակերպել համաժողով եւ փորձել սփյուռքին մեկ միասնական մարմին դարձնել, կարելի է անել ինչ-որ տեղ Իրանում կամ Լիբանանում: ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում եւ Վրաստանում ապրող մարդիկ տարբեր են, եւ նրանք շատ տարբեր ձեւերով են մասնակցում համայնքային կյանքին, երբեմն անգամ չեն էլ մասնակցում:

 

 

«ԻԳԼԱՆ»` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով զննվում էին գործով իրեղեն ապացույց ճանաչված իրերը: Դատարան էր բերվել նաեւ «Իգլան», որը, ըստ գործի նյութերի, ապօրինի կերպով ձեռք են բերել Սամվել Բաբայանն ու գործով անցնող մյուս անձինք: Ս. Բաբայանը դատարանում հայտարարել է, որ այն զենք չի կարելի անվանել, քանի որ այն մարտկոց չունի եւ միայն զինամթերքի մաս կարելի է անվանել: Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը եւ Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է «ԱԲՈՎՅԱՆ» ՔԿՀ
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, սեպտեմբերի 15-ին «Նուբարաշեն» հոգեբուժարանից տեղափոխվել է «Աբովյան» ՔԿՀ: Ռ. Մկրտչյանի շահերի պաշտպան Նաիրա Պետրոսյանը նշել է, որ դեռեւս հայտնի չեն ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության պատասխանները: Հիշեցնենք, որ Ռուզաննա Մկրտչյանը հոգեբուժարան էր տեղափոխվել օգոստոսի 22-ին: Նա մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ:




Լրահոս