Ողջ տարվա ընթացքում մեր երկրում հետեւողականորեն ոչնչացվում է ուսուցչի բարձր կոչումը: Նրանց ստիպում դառնալ ընտրակեղծարար, շողոքորթ ու քծնողների մի խումբ: Բայց տարվա մեջ մեկ անգամ գնահատում է ուսուցիչներին՝ իրենց կոչման համար:
Երեկ Հայաստանի տարբեր վայրերում նշվում էր ուսուցչի տոնը: Մարդիկ նույնիսկ մի պահ մոռացել էին ընտրակեղծարար-ուսուցիչ տեսակի մասին՝ շնորհավորելով մանկավարժներին՝ սերունդ կրթելու իրենց բարձր առաքելության համար: Բայց ավանդույթի համաձայն՝ գնահատվողների մեջ մեծ տեղ ունեն այն ուսուցիչները կամ տնօրենները, որոնք ընտրական գործընթացների ժամանակ են իրենց ակտիվությամբ աչքի ընկել, այլ ոչ թե մատաղ սերնդին կրթելու գործընթացում:
Երեկ Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունեցել Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում, որի ընթացքում հայտարարվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հաղթողների անունները:
ՀՀ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ միջոցառման մեկնարկին ունեցած ողջույնի խոսքում հայտարարել է, թե այսօր հասարակությունը կրկին սկսում է արժեվորել, թե ինչ առաքելություն ունի Ուսուցչի օրը:
Երեկ հայտարարվեց, որ «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցիչ Օհաննա Ավետիսյանը, «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում` ՀՀ Արարատի մարզի Արարատի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Գոհարիկ Խուրշուդյանը, իսկ «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում` ՀՀ Սյունիքի մարզի Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը: Տեղեկացնենք, որ տարվա լավագույն ուսուցչին եւ դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից տրվել են ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին` համակարգիչ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի 10 մլն 400 հազար դրամ` «Լավագույն դաստիարակ» եւ «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին տրամադրելու համար: Յուրաքանչյուր ավտոմեքենայի համար կծախսվի 5 մլն 200 հազար դրամ: Եւ «Լավագույն դաստիարակին» ու «Լավագույն ուսուցչին» շնորհվել են ավտոմեքենաներ` «Կիա Ռիո» մակնիշի:
Իսկ ովքե՞ր են պարգեւատրվողները, ինչո՞վ են աչքի ընկել: Պարգեւատրվածների ցանկում է Եղեգի միջնակարգ դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Մերի Գանդալյանը, ում, վարչապետի որոշմամբ, նվիրվել է համակարգիչ: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մերի Գանդալյանը խորհրդարանական ընտրություններին ակտիվ մասնակցություն է ունեցել եւ Կապանի 38 ընտրատարածքի 1-ին տեղամասում եղել է հանձնաժողովի քարտուղարը:
Բայց այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ ուսուցիչներին խոստումով են կերակրել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուսուցիչն ու դաստիարակը տեսականորեն են պարգեւատրվել ավտոմեքենաներով: Պատճառն այն է, որ կառավարության աշխատակազմը դեռ չի գնել այդ ավտոմեքենաները: Նրանք գումարի հատկացումն արել են, նշել, թե ինչ մեքենա պետք է գնեն, բայց իրականում միայն խոստում են տվել ուսուցիչներին:
Ահա այսպես՝ ՀՀ կառավարությունը անգամ պարգեւներն է խոստումով շնորհում: Իսկ թե երբ մարդիկ առարկայական կստանան իրենց վաստակած երկաթե նժույգները, արդեն կարեւոր չէ:
Սյունէ Համբարձումյան