
Տեւական ժամանակ է, ինչ շտապօգնության աշխատակիցները կամ բժիշկները ծեծի են ենթարկվում քաղաքացիների կողմից: Մի դեպքում քաղաքացիները, կորցնելով իրենց հարազատին, ծեծում են բժշկին՝ մեղադրելով նրան կատարվածի մեջ, մի դեպքում էլ, երբ շտապօգնությունն է ուշանում, դանակահարում կամ դաժան ծեծի են ենթարկում շտապօգնության աշխատակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հայտնեց. «Ես կարծում եմ՝ խնդիրն այն է, որ հասարակությունը օրենքի գերակայությունը, սկզբունքը ընդունում է ավելի շատ որպես կենաց, այլ ոչ թե գործողություն, որը պետք է սկսեն իրենք իրենցից: Բոլորը պահանջում են օրենքի գերակայություն, բայց մտածում են՝ իրենց համար օրենքը կարող է շատ բան թույլ տալ, քան մնացածներին: Այստեղից էլ սկսվում է անհանդուրժողականությունը: Իրենք մտածում են, որ կարող են բժշկին պատժել եւ իրենց արարքի համար չպատժվել օրենքի խստությամբ»: