Գումբուրդո գյուղում խաչքար կկանգնեցվի. ինչ համաձայնություն է ձեռք բերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գումբուրդոյի միջադեպից հետո ձևավորված աշխատանքային խումբը քննարկել և եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, մոտավոր 3 տարի հետո, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում և կկանգնեցվի խաչքար, հայտնում է jnews.ge կայքը:

Աշխատանքային խումբը, որը ձևավորվել էր միջադեպից երկու օր անց, որպեսզի քննարկի և լուծում գտնի Գումբուրդո գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Այսօր որոշում է ընդունվել, որ ոսկորները նորից կթաղվեն եկեղեցու բակում և տապանաքար-հուշաքար կկանգնեցվի հավաքական գերեզմանի վրա: Աշխատանքային խմբի մեջ են՝ թե աշխարհիկ պաշտոնյաներ, թե հոգևորականներ, թե հասարակ գումբուրդոցիներ:

Աշխատանքային խմբի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն անձամբ Գումբուրդոյի բնակչությանը ներկայացրեց Վիրահայոց թեմի առաջնորդը:

«Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել և վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները մեր նախնիների, մեր քահանաների, մեր պապերի, թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում: Մարդկային բարոյական հարց կա, որովհետև ոսկորները այդտեղ են եղել և այդտեղ էլ պիտի թաղվի»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Միաժամանակ հավելելով, որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում կարող է շինարարները մինչև 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքև, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն:

«Եթե մինչև հիմա 45 պարկ ոսկոր է դուրս եկել, հետո կարող է ավելի շատանալ: Ամեն անգամ չենք տանելու թաղելու, առաջարկում ենք Վրաստանի պատրիարքի երաշխիքով, պետության երաշխիքով, և մեր երաշխիքով, որ այստեղից մեր ոսկորները հանենք մի հարմար տեղ պահենք: Բայց պիտի տեղը սարքենք նորմալ և բոլոր ոսկորները մի տեղ հավաքենք: Երկու կամ երեք տարվա ընթացքում, երբ որ ավարտվի ու սկսվի բարեկարգումը տեղ է հատկացվելու, որտեղ մենք բերում ենք հավաքված ոսկորները և թաղում ենք»,- վստահեցրեց թեմակալ առաջնորդը:

Անդրադառնալով խաչքար կանգնեցնելու խնդրին, որը հենց սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների բուն պատճառն է, հոգևոր առաջնորդն ասաց, որ տապանաքար կլինի, բայց թե ինչ տեսք կունենա այն, դեռ չեն կարող ասել:

«Վրացի և հայ ճարտարապետները իրար հետ աշխատելու են, կարող է երկու խաչքար դնեն, կարող է հետաքրքիր մի ուրիշ բան, երկու կողմերի որոշումով պիտի լինի տապանաքար-հուշաքար, ինչի տապանաքար, որովհետև ոսկորներ են, ննջեցյալներ են: Եվ վրան պետք է գրված լինի հայերեն և վրացերեն լեզուներով: Ես կարծում եմ շատ բան չարժի գրել, պետք է գրվի, որ այստեղ մեր պապերն են, հոգևորականներն ննջում: Աստված ողորմի իրենց ոսկորներին»:

Եկեղեցու բակում հավաքված մոտավոր 30 մարդ, իրենց համաձայնությունը տվեցին, որպեսզի պայմանագիր կնքվի, որպես երաշխիք: Եվ իրենք կսպասեն մինչև եկեղեցու վերականգման աշխատանքների ավարտը:

Գյուղի ամենատարեց բնակիչ, Ղազար Խանոյանն ասաց. «Իմ տատիկս մահացավ, ես 14 տարեկան էի, իմ ներկայությամբ հենց եկեղեցու բակում են թաղել: Մենք այսօր Ձեզ ենք հավատում, որ երեք անգամ վերաթաղելուց հետո մեր նախնիների ոսկորները վերջապես հանգստություն կգտնեն»:

Նշենք, որ գյուղում չխոսեցին եկեղեցու պատկանելիության հարցի շուրջ, կամ միջադեպից հետո հարուցված քրեական երեք հոդվածների մասին:




Լրահոս