Օրեր առաջ Երեւանում անցկացվեց ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը, որն այս անգամ տեղի ունեցավ Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային ֆորումի հետ համատեղ: Այն կազմակերպել էին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը:
Ֆորումին ելույթներ ունեցան Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով սովորույթի համաձայն՝ խուսափեց շփվել լրագրողների հետ:
Իր ելույթում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց. «Հայաստանը, ԵԱՏՄ անդամ լինելով, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր գործընկերների համար եւ դիտարկվել ոչ միայն որպես զուտ ներքին շուկա, այլ որպես հարթակ մեր հարեւան Իրանի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից», – նշեց նա:
Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկը համակարծիք է ՀՀ վարչապետի հայտարարության հետ եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանն արդեն իսկ այդպիսի հարթակ է հանդիսանում, որին մեծ մասամբ օգնում է Իրանի հետ սահմանակից լինելը:
-Պարո՛ն Նազարուկ, նման ֆորումներն ի՞նչ են տալիս ԵԱՏՄ անդամ երկրների հետ հարաբերությունների հարցում: Արդյո՞ք տեսական ելույթներից զատ գործնական քայլերի կարող ենք ականատես լինել:
-Դա չենք կարող չգնահատել, քանի որ նման ֆորումների ե՛ւ ազդեցությունը, ե՛ւ էֆեկտը մեծ է: Առաջին հերթին՝ դա միջոց է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը ցուցադրի իր հնարավորությունները, ցույց տա, թե ինչի է նա հասել հաշվետու ժամանակաշրջանում: Երկրորդ հերթին՝ այն հարթակ է, որպեսզի նոր տեղեկատվություն ստանաս գործընկերներից, բայց ամենակարեւորներից մեկը նոր կապերի հաստատումն ու ամրապնդումն է, որը ԵԱՏՄ-ի շրջանակներում շատ կարեւոր է:
-Արդյո՞ք ԵԱՏՄ-ի պոտենցիալն ամբողջովին օգտագործվում է: Հասարակական-քաղաքական շատ գործիչներ ընդգծում են այն փաստը, որ անդամակցությունից այսքան տարի անց արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չեն: Պոտենցիալի ոչ ամբողջովին օգտագործման մասին իր ելույթում նշեց նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
-Սակայն ոչ ոք իրեն հարց չի տալիս՝ ի՞նչ կլիներ, եթե այն երկրները, որոնք ստեղծել են այդ միությունը, առանձին-առանձին հանդես գային: Հիմա տնտեսական միջավայրում սեփական հնարավորությունների ուսումնասիրման տենդենց է նկատվում, որը հնարավորություն է տալիս ամրապնդել դրանք եւ դրա հետ մեկտեղ սատարել ինտեգրացիոն գործընթացների մեջ ներգրավված գործընկերներին՝ եւ օրինակ ծառայելով այն երկրների համար, որոնք դեռ չեն հանդիսանում ԵԱՏՄ անդամ: Նույնիսկ վիճակագրությունն է ցույց տալիս, որ մենք ոչ միայն փոխադարձ առեւտրի աճ ենք տեսնում, այլ նաեւ յուրաքանչյուր երկրի պարագայում տեսնում ենք ՀՆԱ-ի աճ: Այդ աճը կարող է լինել տարբեր չափերի, բայց ամեն դեպքում նկատվում է: Մենք միայն ճանապարհի սկզբում ենք, եւ ինչպես ասվեց ֆորումի ժամանակ՝ մենք դեռ չենք հաղթահարել բոլոր խոչընդոտներն առեւտրի հարցում: Մենք գտնվում ենք ճանապարհի սկզբում նաեւ երրորդ երկրների կամ այլ միությունների հետ հարաբերությունները զարգացնելու առումով:
-Ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նաեւ նշեց, թե Հայաստանը պետք է յուրօրինակ հարթակ լինի ԵԱՏՄ մյուս երկրների համար: Նման հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Ես կարող եմ ասել, որ Հայաստանն արդեն իսկ այդպիսի հարթակ է հանդիսանում: Քանի որ այն սահմանակից է Իրանին, եւ այդ սահմանին ազատ տնտեսական գոտի է ստեղծվում հատուկ ռեժիմներով: Այդպիսի տնտեսական գոտի առկա է նաեւ Բելառուսում: Դա միջազգային փորձ է, մենք այստեղ անիվ չենք հայտնագործում, այլ անում ենք քայլեր, որպեսզի բիզնեսը սկսի զարգանալ:
-Մշտապես նշվում է, թե ԵԱՏՄ-ի կազմում առկա է միայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտուր: Ինչո՞ւ հայ-բելառուսական հարաբերություններն ու առեւտուրը չեն զարգանում:
-Թվերը, որոնց ես տիրապետում եմ 7 ամիսների արդյունքներով, հակառակի մասին են վկայում: Հայաստանի եւ Բելառուսի միջեւ փոխադարձ առեւտուրը նախորդ տարվա համեմատ աճել է: Օրինակ՝ Բելառուսը Հայաստան է ներկրել 139.2 տոկոսով ավել, քան նախորդ տարի: Այսինքն՝ մենք ավելացրել ենք մոտավորապես 40 տոկոս: Իհարկե, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման պոտենցիալն առկա է, եւ մենք բարեհաջող օգտագործում ենք դա: Հայ եւ բելառուս գործընկերների գործողությունները հենց դրան են ուղղված:
-Տնտեսական ֆակտորից զատ բարձրացվում էր նաեւ անվտանգության հարցը: Դուք՝ որպես ՀՀ-ում Բելառուսի դեսպան, ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը:
-Ես այդ հարցի լուծումը տեսնում եմ միայն բանակցային սեղանի շուրջ, այլ տարբերակ առկա չէ: Եվ դա վերաբերում է ոչ միայն այս, այլ նաեւ մյուս կոնֆլիկտներին: Ավելի լավ է վատ խաղաղությունը, քան լավ պատերազմը: Շատ կարեւոր է, որ այդ մտքին է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Դա այնպիսի հարթակ է, որը հնարավորություն կտա երկխոսության ժամանակ վերացնել սուր կողմերը: Բելառուսն ու Մինսկը կնպաստեն դրան:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան