Ռուսաստանը ցանկանում է բոլորին իր կողքը պահել, սակայն վերջնական որոշում պետք է կայացնեն այդ երկրները. Միրոսլավ Նենուտիլ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ Ազգային ժողով էին այցելել Չեխիայի սենատի անդամները` նախագահ Միլան Շտեյխի գլխավորությամբ: Այս օրերին չեխական պատվիրակությունը տարբեր հանդիպումներ է ունենում ՀՀ պաշտոնյաների հետ, իսկ երեկ էլ ԱԺ ամբիոնից ելույթ ունենալուց հետո Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը եւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարությամբ հանդես եկան լրատվամիջոցների համար:
Հայաստան այցի շրջանակներում Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահը հոկտեմբերի 4-ին մասնակցել է հայ-չեխական գործարար համաժողովի, որի բացման ընթացքում, ելույթ ունենալով, Սենատի նախագահն անդրադարձել է հայ-չեխական հարաբերություններին եւ հույս հայտնել, որ կզարգանա երկկողմ ներդրումային եւ գործարար միջավայրը:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից վերջերս մի տեսանյութ էր հրապարակվել, որից պարզ էր դառնում, որ չեխական ռազմական տեխնիկան հայտնվել է ադրբեջանական բանակի տրամադրության տակ: Խոսքը հաուբիսների եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մասին է: Սակայն հետաքրքիրն այն է, որ պաշտոնական Չեխիան հերքում է Ադրբեջանին զենքի վաճառքը եւ համոզված պնդում, որ Չեխիան էմբարգո է պահպանում Ադրբեջան զենքի առաքման մասով:
Հանդիպումների, ՀՀ-ԵՄ համաձայնագրի եւ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է պատվիրակության անդամ, չեխ պատգամավոր Միրոսլավ Նենուտիլի հետ:

-Պարո՛ն Նենուտիլի, Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան, ի՞նչ հանդիպումներ եք ունեցել եւ ի՞նչ հարցեր եք քննարկել:

-Սա իմ առաջին այցն է Հայաստան, նախօրեին հանդիպում ենք ունեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, այսօր էլ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում մշակութային եւ տնտեսական համագործակցության հետ կապված: Կարծում եմ` քննարկումներն առաջիկայում կտան իրենց արդյունքը: Այսպիսի այցերը կնպաստեն նաեւ երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը:

-Առաջիկայում նախատեսվում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրում: Որքանո՞վ է այն կարեւոր Հայաստանի համար:

-Ես կարծում եմ, որ բոլոր երկրներն էլ պետք է ամրապնդեն հարաբերություններ ԵՄ-ի հետ: Հայաստանն ամենահարավային երկրներից է, եւ կարծում եմ, որ այդ համաձայնագիրը շատ դրական կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստանի եւ Չեխիայի հարաբերություններն առավել կխորանան: Սակայն պետք է նշեմ, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական կապերը դրական զարգացման հունով են ընթանում: Եվ այդպիսի կապերի ընդլայնումն ու տնտեսական հարաբերությունների խորացումն իր հերթին կնպաստի երկու երկրների առավել սերտացմանը:

-Ռուսաստանը չի՞ խոչընդոտի՝ ստորագրելու այդ պայմանագիրը:

-Իհարկե, Ռուսաստանը ցանկանում է իր կողքին պահել բոլորին` Հայաստանին, Ուկրաինային, Վրաստանին՝ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներին: Բայց դա իրենց ցանկությունն է. վերջնական որոշում պետք է կայացնեն հենց այդ երկրները:

-Քննարկել եք արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցեր: Ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:

-Ես կարծում եմ, որ այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, սակայն մեկ բան հստակ է, որ հարցը պետք է կարգավորվի միայն բանակցությունների միջոցով` դիվանագիտական ճանապարհով: Այլ ճանապարհ չկա. այստեղ պետք չէ ո՛չ պատերազմ, ո՛չ էլ այլ միջոցներ, միակ ելքը բանակցություններն են: Ես կարծում եմ, որ շանսեր միշտ առկա են, միայն պետք է ճիշտ օգտագործել: Ես կողմ եմ միայն մեկ տարբերակի, դա Մինսկի խմբի համանախագահների միջոցով հարցի խաղաղ կարգավորումն է, եւ կարծում եմ, որ գերտերություններ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան պետք է կարողանան ապահովել խնդրի արդար եւ խաղաղ լուծումը:

-Վերջերս մեծ քննարկում ծավալվեց Ադրբեջանին Չեխիայի կողմից սպառազինության վաճառքի մասին: Իսկապես Չեխիայի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառվե՞լ է:

-Ես հստակ կարող եմ ասել, որ Չեխիան Հայաստանին զենք չի վաճառել: Տեղյակ եմ, որ հայկական լրատվամիջոցներն էլ անդրադարձել են այս թեմային: Ցանկանում եմ վստահեցնել, որ Չեխիայի կառավարությունն Ադրբեջանին զենք չի վաճառել: Չեխիան հարգում է զենքի վաճառքի այն էմբարգոն, որը դրված է հակամարտության մեջ գտնվող երկրների վրա: Մենք չգիտենք, թե ինչպես են չեխական զենքերը հայտնվել ադրբեջանական բանակում: Միգուցե երկրորդ կամ երրորդ երկրների միջոցով, բայց վստահեցնում եմ՝ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս