Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում: Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը, որը խոստացել էր բանակցել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերության հետ` սակագների վերանայման հարցով, չի իրականացել խոստումը: Այլ ֆինանսական բեռը, որը պետք է կրեին բուժհաստատությունները, սուբսիդավորվելու է պետության կողմից:
Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ:
-Պարո՛ն Ալթունյան, գնումների գործընթացին եք միջամտել ու արձանագրել, որ ունեք 25 տոկոս տնտեսում: Կարո՞ղ եք երաշխավորել, որ մանր ընկերությունները, որոնք մինչ այս մասնակցում էին մրցույթին, խոշոր ընկերություններին կուլ չեն գնա, իսկ Դուք որպես գործարար-նախարար փայ չեք ունենալու:
-Կասեմ միայն, որ այստեղ մեր առաջնային նպատակը պետական բյուջեի սուղ միջոցները հնարավորինս արդյունավետ ծախսելն է:
-Պետական գումարները պետպատվերի շրջանակից ուղղեցիք ապահովագրության ոլորտ: Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ ցանկացած հիվանդության դեպքում սոցփաթեթի շահառուն իր ընտրած հիվանդանոցում, ցանկացած հիվանդության դեպքում խնդրի առաջ չի կանգնի: Այսինքն՝ եթե հերթերի մասով ահազանգեր լինեն, ի՞նչ եք անելու:
-Վստահ եմ, որ շահառուները խնդիրներ չեն ունենա: Ամեն ինչ պարզ ու թափանցիկ է: Նախարարության պաշտոնական կայքում շահառուները կարող են ծանոթանալ ՀՀ կառավարության որոշմանը եւ դրանից բխող կարգերին: Խնդիրների կամ պարզաբանումների համար կարող են դիմել ապահովագրական ընկերություններին կամ նախարարության թեժ գիծ ծառայությանը 80-03 հեռախոսահամարով:
-Պարո՛ն Ալթունյան, Դուք մտադիր եք ստեղծել առողջապահական օմբուդսմենի ինստիտուտ…
-Այսպիսի ինստիտուտ գործում է աշխարհի 40 երկրներում. առողջապահական ոլորտի հաշտարարը նույն տրամաբանությամբ ֆինանսական ոլորտի, մարդու իրավունքների հաշտարարը, նա գիտակ է առողջապահական օրենսդրությանը, հաճախորդների իրավունքներին, պետության եւ բուժհաստատության պարտավորություններին: Գաղտնիք չէ, որ այսօր հաճախորդները պաշտպանված չեն:
-Դուք կարծում եք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հիվանդների իրավունքները չի՞ կարողանում պաշտպանել:
-Նա բոլորի իրավունքներն է պաշտպանում: Քաղաքակիրթ երկրները գնում են առողջապահական համակարգի առանձին օմբուդսմեն ստեղծելու ճանապարհով: Մենք չգտանք ոչ մի փաստարկ, որ չգնանք այդ ճանապարհով եւս:
-Հնարավո՞ր է, որ այս ինստիտուտի ստեղծմամբ առողջապահության նախարարությունը համակարգի ողջ պատասխանատվությունը գցի բժշկական հաշտարարի վրա:
-Իհարկե, ոչ: Առողջապահության նախարարությունը իր համար նոր գլխացավ է ստեղծում` ի դեմս լիազորված, տեղեկացված, մասնագիտացված պաշտպանի:
-Իսկ ո՞ւմ եք տեսնում այդ պաշտոնին:
-Դեռ քննարկումներ չեն եղել, չնայած որ ժամանակն է:
-Պարո՛ն Ալթունյան, էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը իսկական պատուհաս է դարձել բուժհաստատությունների համար: Նրանք դժգոհում են, որ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերության սահմանած սակագները բարձր են: Բացի այս՝ բուժհիմնարկների ղեկավարները պնդում են, որ նախապես տեղյակ չեն եղել, որ ծառայությունը վճարովի է:
-Առաջին մոտեցմամբ պայմանագիրն այսպիսին էր, որ բուժհաստատությունը վճարում է ամեն սպասարկած անձի համար, բայց ոչ ավելին, քան իր շրջանառության 1.5 տոկոսը: Բուժհաստատությունների դժգոհությունը ստանալուց հետո մենք օպերատորի հետ անդրադարձանք բանակցություններին: Խորհրդակցություններ ունեցանք նաեւ կառավարության հետ եւ որոշում ընդունվեց, որ սահմանամերձ եւ ամբուլատոր պոլիկլինիկական հաստատությունները կսուբսիդավորվեն 100 տոկոսով: Իսկ մի շարք այլ կազմակերպություններ, այն է՝ 100 մլն դրամից շրջանառություն ունեցողները, քաղաքային ամբուլատորիաները, նրանք կսուբսիդավորվեն 70 տոկոսով, մնացած բոլորը կսուբսիդավորվեն 30-50 տոկոսով: Այսպիսով մենք բուժհաստատությունների բյուջեի վրա ճնշումը շուրջ 2/3-ով թուլացնում ենք:
-Այսինքն՝ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ընկերությունը հրաժարվել է սակագները վերանայել ու նվազեցնել դրանք… Չէ՞ որ բուժհաստատություններ կան, որոնք պնդում են, որ ծառայության համար նախատեսված վճարները բարձր են, ինչի արդյունքում կարող են փակվել:
-Դուք գիտեք, որ ընկերության հետ մոտ երկու ամիս առաջ բանակցություններ մեկ անգամ տարվել են, եւ գները իջեցվել են մոտ երեք անգամ: Եւ որպեսզի հասկանալի լինի, նշեմ, որ բանակցությունները գնացել են «Էրիքսոն» ընկերության` Խորվաթիայի ձեռնարկության հետ: Բավական ծանր բանակցություններ էին, ինչի արդյունքում գները իջեցվել են 2.5, 3 անգամ: Հիմա գները իջեցնելու մասին խոսքը չէր գնում: Խոսքը գնում էր այն մասին, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք: Եւ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով:
-Այլ կերպ ասած` առողջապահական կազմակերպությունների ֆինանսական բեռը գցել եք պետության վրա…
-Այո՛…
-Այլ տարբերակ չկա՞ր: Ինչո՞ւ ընկերությունը չզիջեց եւ չնվազեցրեց սակագները:
-Տվյալ դեպքում` ոչ: Հետագայում, երբ բուժհաստատությունները կսկսեն ներբեռնել ե՛ւ վճարովի ծառայությունները, ե՛ւ ոչ միայն պետպատվերը, իսկ այսպիսի էտապ սպասվում է, ամեն դեպքում կգործի շրջանառության 1.5 տոկոսի շեմը եւ ավելի շատ ծառայությունները ներմուծելով՝ իրենք նույն գումարը կվճարեն:
Հ.Գ. Անհասկանալի է նախարարի հոգածությունը այդ ընկերության նկատմամբ, որը ըստ էության այդպես էլ դժվար ծառայություն չի մատուցում, բայց աստղաբաշխական թվեր է ուզում: Գուցե ուրիշ ընկերությո՞ւն է անհրաժեշտ գտնել մրցույթ հայտարարելու միջոցով:
Զրուցեց Սյունէ Համբարձումյանը