Կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար. միասնական երթուղային ցանցի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերի սպասարկման առումով փոփոխություններ կլինեն: Ըստ այդմ, նախատեսվում է փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում, իսկ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկմամբ ապահովման անհրաժեշտությամբ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ըստ ուսումնասիրությունների, հանրապետությունում առկա են բազմաթիվ համայնքներ, որոնց տրանսպորտային կանոնավոր սպասարկումն ապահովելու նպատակով  մարզպետարանների կողմից բազմիցս հայտարարվել են մրցույթներ, սակայն դրանք չեն կայացել մասնակիցների բացակայության պաճառով:
Հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:
Տեղեկանում ենք, որ միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:
Արդյունքում կընտրվի մեկ կամ երկու փոխադրող յուրաքանչյուր մարզի համար, որը կսպասարկի մարզի բոլոր երթուղիները: Հնարավոր կլինի ներդնել միասնական տոմսային համակարգ և տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգ:
Դրա համար անհրաժեշտ է սահմանել երթուղային ցանց հասկացությունը և օրենսդրական կարգավորել դրա կազմակերպման հիմնադրույթները:




Լրահոս