Ալիեւը խաղում է տեղեկատվական պատերազմ և փորձում է գործընկերոջը պատին դեմ տալ. Ստանիսլավ Տարասով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հարցի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որեւէ նախապայմանի: Նախօրեին նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ: «Ինչպես հայտնի է՝ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում վերջերս բանակցություններում տեղաշարժ չկար: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաք քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից», – նշել է նա:
Սակայն ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Իլհամ Ալիեւի հայտարարությունները տեղեկատվական պատերազմի հետեւանք են: Ռուս քաղաքագետի խոսքով՝ կապված 2018 թվականին ՀՀ-ում սպավող փոխությունների հետ՝ առաջիկայում ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում առաջխաղացում սպասել պետք չէ:

-Պարո՛ն Տարասով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը համաձայնել է վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների: Ի՞նչ է նշանակում նրա այս հայտարարությունը:

-Սա բանակցությունների ներկուլիսային խոսկացություններ են: Ալիեւը խաղում է տեղեկատվական պատերազմ եւ փորձում է գործընկերոջը պատին դեմ տալ: Այդպիսի բանակցություններ չեն լինում, եւ դրանք միշտ ինչ-որ նախապայմանների հիման վրա են լինում: Դուք գիտեք, որ ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանն առաջ էր քաշել երեք նախապայման, ապա եղան Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք Ադրբեջանը չէր ստորագրել: Ապա բանակցություններն ընթացան, որպեսզի այդ պայմանավորվածությունները բազա դառնան: Հիմա Ալիեւը հայտարարում է, թե Հայաստանի վրա ճնշում են գործադրում: Ընդ որում, եթե նախկինում նա ասում էր, թե դա մշտապես Մոսկվայի կողմից է լինում, հիմա էլ ասում են, թե Հայաստանի վրա Եվրոպան է ճնշում գործադրում, եւ Հայաստանը համաձայնել է բանակցությունների:

-Այսինքն՝ նման բան չի եղե՞լ: Բանակցությունների վերսկսման հիմքեր չե՞ք տեսնում:

-Ես կարող եմ ասել, որ եթե ամեն դեպքում բանակցությունների համար հիմքեր կան, ապա դրանք փոխադարձ պայմանավորվածություններ են: Չպետք է մոռանալ Էլմար Մամեդյարով-Էդվարդ Նալբանդյան հանդիպման մասին, որի ժամանակ միգուցե փոխադարձ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Խոսքը նաեւ Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին է, սակայն այստեղ ինտրիգ կա, քանի որ ամսաթիվ չի նշվում, Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի եւ Եվրոպայի վրա: Մոսկվայի միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրել նրանց չհաջողվեց, չեմ կարծում, թե Եվրոպայի միջոցով կհաջողվի: Ես կարծում եմ, որ Ալիեւն իր համար հող է նախապատրաստում, քանի որ բանակցությունները լինելու են ոչնչի մասին: Երկրորդ պահն այն է, որ հաջորդ տարի Հայաստանում իշխանության կառուցվածք է փոխվելու, ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ եւ ամեն ինչ իր ձեռքում կլինի: Այս առումով Ադրբեջանին քիչ ժամանակ է մնացել, քանի որ այդ շրջանում ակտիվ բանակցություններ տեղի չեն ունենա: Եթե Ալիեւը մինչեւ այս տարվա վերջ չկարողանա հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, ապա ղարաբաղյան հակամարտության հարցում բանակցություններ կարող ենք սպասել միայն հաջորդ տարվա երկրորդ կեսին:

-Այս տարի Սարգսյան-Ալիեւ հանդիպման հավանականություն չե՞ք տեսնում: Նշվում է, որ երկու կողմերն էլ համաձայնել են այդ հանդիպմանը:

-Ես բանակցությունների վերսկսման հիմքեր չեմ տեսնում, քանի որ այդպիսի հարցերին մանրամասը պատրաստվում են: Հիմա այդպիսի աշխատանքներ չեն ընթանում, այլ միայն հայտարարություններ են հնչում: Ես կարծում եմ, որ բանակցությունները կարող են վերսկսվել միայն հաջորդ տարի. քիչ հավանական է, որ այս տարի նրանց կհաջողվի հանդիպել: Իհարկե, կարող է՝ ինչ-որ բան փոխվի, սակայն հիմա ամեն ինչ տանում է նրան, որ բարձր մակարդակով բանակցությունների հիմքեր չկան: Իհարկե, միգուցե նրանք ցանկանում են կոնյակ խմել, նարդի խաղալ, թեյ խմել, դա ուրիշ:

-Ապրիլին ՀՀ-ում սպասվող փոփոխություններն ազդեցություն կունենա՞ն:

-Իհարկե, դա Հայաստանի ներքին հարցն է: Կարծում եմ, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի հարցում կոնսենսուս է առկա: Բայց բոլոր կանխատեսումներով, ինչպես էլ դասավորվեն իրադարձություններն իշխանության առումով, ղարաբաղյան հարցն առանձնահատուկ նշանակություն կունենա: Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կհեռանա թատերաբեմից, նա կշարունակի պաշտոնավարել, սակայն ամեն դեպքում time out կլինի, քանի որ ղարաբաղյան հարցում բանակցությունների ժամանակը չի լինի: Այ, եթե Արցախը լիներ բանակցային կողմ, ինչ-որ բան կարելի կլիներ անել: Սակայն հիմա բանակցությունները դրված են միայն Բաքվի եւ Երեւանի վրա: Եթե Երեւանը ժամանակ չունի, Բաքուն ոչինչ չի կարող անել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս