Հարց քաղաքացիներից` եթե գործատուն աշխատողին չի գրանցում, ապա նա ի՞նչ պատասխանատվության կարող է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե գործատուն աշխատողին չի գրանցում, ապա նա ի՞նչ պատասխանատվության կարող է ենթարկվել. արդյո՞ք նա տուգանվում է: Ուզում եմ իմանալ` որքա՞ն է կազմում մեկ չգրանցված աշխատողի հայտնաբերման դեպքում տուգանքի չափը:

Լեւոն Սահակյան (46 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, ըստ որի` աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի եւ (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար 60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու փաստը լիազոր մարմնի կողմից ՀՀ կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուն տվյալ ամսում յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում եւ վճարում է եկամտային հարկ`
1.60.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը 1-3 է
2. 150.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը 4-6 է
3. 300.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը 7-9 է
4. 600.000 դրամի չափով, եթե չձեւակերպված վարձու աշխատողների քանակը գերազանցում է 9-ը:




Լրահոս