Բազալտի երկիր Հայաստանը Վրաստանից բազալտ է ներկրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս առիթ ունեցել է բարձրաձայնելու այն թեման, որ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը պակաս եկամտաբեր է, քան այդ նույն արտադրանքը արտերկրից ներկրելը: Ու պատճառը պետական գերատեսչությունների մոտեցումներն են, էներգակիրների բարձր գները:

Եւ այսպես՝ հերթական ահազանգը ստացանք քարի արտադրության ոլորտից: Պարզվում է՝ քարերի երկիր Հայաստանում քար ներկրելն ավելի ձեռնտու է, քան արդյունահանելը:

Տեղեկացնենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում կան բազալտի մի քանի հանքավայրեր: Սակայն դրանց շահագործելու իրավունք ունեցող գործարարների մի մասը գերադասում է քարի արդյունահանմամբ չզբաղվել: Նրանք պարզապես չեն շահագործում հանքը: Փոխարենը բազալտ են ներկրում հարեւան Վրաստանի Հանրապետության Բոլնիսի շրջանից:

Ու նույնիսկ գործարարները, հանքատերերն իրենք են խոստովանում, որ Բոլնիսի շրջանի բազալտի հանքավայրերն ավելի աղքատ պաշարներ ունեն, քան Նոյեմբերյանի նշված հանքավայրերը կամ Լոռու մարզում գտնվող հանքավայրերը:

Իսկ ինչո՞ւ են բազալտ արդյունահանելու փոխարեն Տավուշի հանքատերերը քար ներկրում Վրաստանի Հանրապետությունից: Պատճառն այն է, որ Վրաստանում բազալտը շուրջ երեք անգամ ավելի էժան է, քան Հայաստանում:

Քարի արդյունահանմամբ զբաղվող մի քանի գործարարներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին, որ թեեւ իրենք Վրաստանի բազալտը ներկրելիս Բագրատաշենի մաքսակետում քարի կշռի հաշվարկով բավականին մեծ մաքսավճար են մուծում, բայց նույնիսկ այդ դեպքում Վրաստանի բազալտն ավելի էժան է ստացվում, քան տեղում արդյունահանելը:

Պատճառն այն է, որ Վրաստանում բազալտի արդյունահանման բնավճարը ցածր է, ինչը թույլ է տալիս վրացի հանքատերերին առավել մատչելի գնով բազալտ առաջարկել շուկայում: Ինչպես հայտնեց քար արդյունահանող նոյեմբերյանցի գործարարը, Հայաստանում քարի արդյունահանման համար մուծվող բնավճարը բավականին բարձր է:

Այն գրեթե հավասար է ոսկու արդյունահանման համար գանձվող բնավճարին: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին չի հետաքրքրում, թե Հայաստանի ընդերքից ինչ է հանվում: Գլխավորն այն է, որ հանք է շահագործվում, իսկ եթե շահագործվում է, պետք է բարձր բնավճարներ գանձել:

Թեեւ նոյեմբերյանցի գործարարները այլ կասկածներ ունեն: Ըստ նրանց՝ Հայաստանում շահագործվող ոսկու հանքերի տերերը իշխանության մեջ գտնվող կամ նրանց հետ սերտորեն փոխկապված մարդիկ են: Դրա համար էլ իշխանական շրջանակները շահագրգիռ են, որ ոսկու բնավճարը ցածր լինի: Իսկ քարի բնավճարը նրանց չի հետաքրքրում, քանի որ այդ ոլորտում մրցակցությունը շատ է: Ու ստացվում է՝ քարն ու ոսկին մեր երկրում նույն արժեքն ունեն:

Բայց հետաքրքիր զուգադիպությամբ կամ էլ զարմանալի տրամաբանությամբ այս տարի Հայաստանի պաշտոնական վիճակագիրները բազալտի արտադրության ծավալների աճ են գրանցել: Իհարկե, աննշան, բայց դե թիվ է՝ «նկարել են»:

Եւ այսպես, ըստ պաշտոնական տեղեկության՝ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում բազալտի արտադրության ծավալները 2.3 անգամ ավելացել են: Այս տարի արտադրվել է 6630 տոննա բազալտ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բազալտի արտադրության ծավալները 18.8 տոկոսով նվազել են. արտադրվել է 2898 տոննա բազալտ:

Ինչ վերաբերում է ներկրումներին, ապա «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստան Վրաստանի Հանրապետությունից ներմուծվել է 2200 տոննա չմշակված բազալտ: Ու ստացվում է, որ քարերի երկիր Հայաստանը արդեն տեւական ժամանակ հարեւան Վրաստանի Հանրապետությունից քար է ներմուծում:

Սյունէ Համբարձումյան
Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս