ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում քարի ու ավազի անվերահսկելի շուկայում. ինչ գնով են ձեռք բերում և վաճառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շինանյութի, մասնավորապես` քարի, ավազի շուկաները վերահսկողությունից դուրս են մնացել: Այստեղ ում խելքին ինչ թիվ փչում է, այդքանով էլ վաճառում են: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը շրջայցի արդյունքում պարզեց, որ քարն է՛լ, ավազն է՛լ ավելի էժան գնով են վաճառվում քարի եւ ավազի հանքերում, քան շուկայում:

Նախ՝ նշենք, որ քարի գինը որոշվում է չափերով: Որքան մեծ է, այնքան թանկ է: Բացի այս, քարն է՛լ, ավազն է՛լ վերջին շրջանում զգալի թանկացել են: Սա, ըստ մասնագետների, պայմանավորված է շինարարության ոլորտի աճով:

Օրինակ` 1 հատիկ քարը՝ 22 չափ, մի քանի ամիս առաջ վաճառվում էր 180 դրամով, հիմա այն արժե 220-250 դրամ, մինչդեռ այն վերավաճառողները քարի հանքերից ձեռք են բերում ավելի էժան գնով եւ զգալի տարբերությամբ վաճառում: Բացի այս, սպառողներին զայրացնում է այն, որ քար վաճառողները ավտոմեքենաներով են հաշվարկում արժեքը՝ ինչքան շատ, այնքան գինը ցածր: Իսկ եթե գնորդը մի քանի հատիկ է ուզում, ապա վերավաճառողը այն շեշտակի բարձր գնով է վաճառում: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած սպառողների պատմելով` հատիկով իրենց առաջարկել են 370 դրամ գինը: Ստացվում է, որ վերավաճառողները ինչպես ցանկանում են, այնպես էլ վարվում են, ինչ գնով ուզում են, վաճառում են:

Նույն պատկերն է նաեւ ավազի շուկայում: Օրինակ` մեկ բեռնատարով ավազը հանքից գնում են 15 հազար դրամով, բայց շուկայում վաճառում 20-22 հազար դրամով: «Ժողովուրդ» օրաթերթը եղավ քարի եւ ավազի հանքերում եւ փորձեց պարզել գնագոյացումը: Որոշ ավազի հանքերում այն վաճառվում է խորանարդ մետրով. մեկ խորանարդ մետրը կազմում է 2400 դրամ:

Օրինակ` «Քար եւ ավազ» ընկերության ավազի հանքում մեկ բեռնատար մեքենա ավազի արժեքը կազմում է 15 հազար դրամ: «Ավազի գները փոփոխական են շուկայում, ով ինչպես ցանկանում է…, ամեն մեկն իր հաճախորդն ունի: Իսկ պետական հիմնարկները հիմնականում նախընտրում են ավազը ձեռք բերել հենց հանքից՝ 1 խմ 2300-2400 դրամով»,- փոխանցեցին հանքի աշխատողները: Իսկ մեկ բեռնատարում, ըստ ավազի հանքի աշխատողների, տեղափոխում են 6 խմ ավազ: Հիմնարկի ղեկավարությունն է որոշում, թե ինչ գին սահմանի, հաշվարկում է ծախսերը եւ որոշում:

Հանքի աշխատողների խոսքերով` ավազի հանքում կիրառվող սարքավորումների պահեստամասերը թանկ են եւ ամեն տարի դրանք է՛լ ավելի են թանկանում: «Ամեն տարի, սալյարկայի գնի բարձրացման հետ պայմանավորված, ավազն էլ է թանկանում: Ամռան ամիսներին 12 հազար դրամ էր մեկ բեռնատար ավազը, այժմ այն 15000 դրամ է: Եկամուտ քիչ է մնում: Բայց, դե, ինչ արած…»,- ներկայացրեցին հանքի աշխատողները:

Իսկ, ահա, քարի շուկայում պատկերը մի փոքր այլ է: Նախ՝ նշենք, որ քարի շուկայի վերավաճառողները խիստ գաղտնի են պահում, թե որքանով են հանքից քարը գնում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք տարբեր պատասխաններ էին տալիս, անընդհատ խուսափում էին պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ հարկային տեսուչները «կգնան իրենց հետեւից»:

«Թալինի քարն է՝ 22 չափ, հատիկը 220 դրամ է, խորանարդ մետրով ենք վերցնում հանքից, հատիկով չէ: Տեղափոխման գազի ծախսը 15 հազար դրամ է: Մի 15000 դրամ էլ մեզ է մնում: Բայց օրական ծախվի, լավ է: Չի ծախվում, էլի: Ահ, եսիմ երբ եմ եկել կանգնել… երեւի մի շաբաթից ավելի է: Դե հիմա ձմեռ է, չի ծախվում, ո՞վ է շինարարություն անում:

Հարցնողներ էլ չկան: Մի բեռնատարում 6 կուբ քար կա (300 հատիկ, մեկ կուբը՝ 50 հատիկ), ես տվել եմ, դակումենտի մեջ պետք ա նայվի… 36 հազար դրամի կարգի էր, եթե չեմ սխալվում, բանվորին էլ ենք փող տալիս: Պետք ա 90 հազարով ծախենք, որ տակը 15 հազար դրամ մնա»,- ասաց քարի վերավաճառողներից մեկը: Եթե հավատանք վերավաճառողին, ապա ստացվում է, որ 6 խմ քարի՝ 300 հատի համար վճարել է 36 հազար դրամ, այսինքն` հատիկը 120 դրամով է գնել, բայց այն շուկայում վաճառում է 220 դրամով, այսինքն` 100 դրամ ավելի: Իսկ եթե գնորդը 30-40 հատիկով է քար ուզում գնի, ապա վաճառողը 20 դրամ թանկ է վաճառում, այս դեպքում 240 դրամով:

Իսկ չափերով ավելի փոքր քարի հատիկը վերավաճառողը վաճառում է 190 դրամով:
Բացի այս, վերավաճառողները գնորդին առաջարկում են նաեւ առաքում, որի համար շատ ավելի մեծ գումար են պահանջում:

Նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այցելեց նաեւ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի վարչական շրջանում գտնվող քարի հանք:

Պարզվեց, որ հանքի ղեկավարությունը 17-18 չափի քարը վաճառում է հատիկը 130 դրամով: Համենայնդեպս, մեզ այդպես ասացին: Դե, բնականաբար, վերավաճառողների, մշտական հաճախորդների համար քարի հանքերը չի բացառվում, որ զեղչեր անեն:

Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ քարի հանքերը սկսել են արտադրանքը վաճառել առանց վերավաճառողների, միջնորդների մասնակցության եւ հիմնականում առաջարկում են առաքում:

Թալինում գտնվող քարի հանքերից մեկից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ քարը միայն վաճառում են հատիկով, ապա լավ որակի վարդագույն քարը՝ 25 չափ, հատիկն առաջարկեցին 300 դրամ, առաքումն էլ ներառյալ: Իսկ եթե գնորդը ցանկանում է ինքը իր բեռնատարով գնա եւ հանքից բարձի ու բերի, ապա նշված չափը կարժենա 200 դրամ: Հա, ի դեպ, այս դեպքում արհեստական խոչընդոտներ են ստեղծվում. պետք է հերթ կանգնեք, սպասեք, բանվոր վարձեք, բարձեք:

«Էդ 220 դրամը, որ ասել են ձեզ, դա ժեխ է, լրիվ սխալ են ասել, որ 190-200 դրամ տեղում է վաճառվում (նկատի ունի հանքում), ո՞նց կարող է 20 դրամի համար իրենք մտնեն գործի մեջ, գազի փողը իսկի դուրս չի գա: 220 դրամով ո՞նց կարող եք լավ որակի քար առնեք»,- բացատրեց քարի մեկ այլ հանքի աշխատող:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս