Սյունիքի մարզպետարանն ArmLur.am-ի հարցին ի պատասխան անդրադարձել է Մեղրու թիվ 2 դպրոցում տեղի ունեցած միջադեպին և ներկայացրել ուսումնասիրության արդյունքները:
«Համակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրելով սույն թվականի սեպտեմբերի 26-ին Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպը՝ պարզեցինք, որ դպրոցի տնօրենը կատարել է օրենքով սահմանված ոչ թույլատրելի գործողություններ։ Ուսումանասիրության ընթացքում տնօրենից վերցվել է բացատրություն, որից հետո նրա նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ», –ArmLur.am-ին փոխանցեցին Սյունիքի մարզպետարանից:
Ինչպես հայտնի է՝ Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցում ՀՀԿ սկզբնական կառույցի նիստ էր անցկացվել, որտեղ անդամատոմսեր էին բաժանվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԿԳՆ Լեւոն Մկրտչյանն ընդգծել էր, թե տնօրենն ամեն դեպքում մեղավորություն ունի, քանի որ դպրոցը չպետք է օգտագործել այդպիսի նպատակներով: Փաստորեն այսքանից հետո Սյունիքի մարզպետը բավարարվեց միայն խիստ նկատողությամբ: Իհարկե, խորհրդարանական ընտրություններից առաջ մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների դեպքից հետո պարզ էր, որ կոշտ քայլեր չեն լինելու:
Եվ սա այն դեպքում, երբ ամեն կերպ փորձում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ավելի գործունյա լինել: Բայց առայժմ Լիսկայից տարբերվող ոչնչով աչքի չի ընկել՝ բացի աչքի տեսողությունը հրապարակավ ստուգել տալով: