ՔԿՀ պետի կալանավորման գործի հետքերով. ի՞նչ բացահայտումներ կանի «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ցանկանալով, որ ՔԿՀ պետի կալանավորման աղմկահարույց գործով իրեն որպես վկա եւս հարցաքննեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին իրավապահները ձերբակալել էին ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանին, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանին, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանին, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանին ու Էդվարդ Քառյանին, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձանց:

Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոնշյալ անձինք ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Եվ ահա երեկ հատոկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ արդարադատության գնդապետ, վանաձորի նախկին քաղաքպետ Սամվել Դարբինյանի խնամի Գեւորգ Մկրտչյանին մեղադրանք է աաջադրվել, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բացի ՔԿՀ պետից՝ կալանավորվել են նաեւ մյուս պաշտոնատար անձինք:

Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, իրավապահների կողմից բացահայտումները այսքանով չեն ավարտվել: Բանն այն է, որ հոկտեմբերի 11-ին ՀՔԾ-ն իր պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, թե վերը նշված կոռուպցիոն հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու, ինչպես նաեւ հանցավոր շղթայում ներգրավված պաշտոնատար բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ կատարվում են օպերատիվ-հետախուզական եւ անհետաձգելի քննչական գործողություններ:

Ինչ կբացահայտեն ՀՔԾ-Ն ու ԱԱԾ-ն, ցույց կտա ժամանակը, սակայն այս ընթացքում «Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը դիմում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով, որ Վանաձոր ՔԿՀ-ում բացահայտված կաշառքների գործով իրեն որպես վկա եւս հարցաքննեն:

Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր դիմել ՔԿՀ-ի կալանավորներից Հարություն Գրիգորյանը (հարգելի պատճառներով անունը փոխված է ) եւ մանրամասներ ներկայացրել ՔԿՀ-ում տիրող բարքերի մասին.«ՔԿՀ պետերին եւ մյուս պաշտոնատար անձանց հիմնական կաշառք տվողը եղել է «Վանաձոր» ՔԿՀ-ի զոն նայողը Թամազ Սերոյանը: Ղումարներ են խաղացել, էլ դրսից մարմնավաճառներ են բերել, ինչ ասես, թե չեն արել: Սերոյանը, որը զոն նայողն է, երբ ուզում, մտնում է խցեր, ու հիմա էլ այդ դրսեւորումները շարունակվում են:

Կարող է՝ այս դեպքից հետո այս պահին կաշառակերությունը չկա, բայց ամենթողությունը կա ու կա: Սերոյանը արտոնյալ կարգավիճակում է այնպես, ինչպես ունեցել է նախկինում: Խցի դուռը բաց է, ուր ուզում, մտնում, դուրս է գալիս, բջջային հեռախոսները մոտը, ինչ ուզում, անում է»:

Կալանավորը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրավապահները, երբ եկել են ստուգման, ՔԿՀ ծառայողները զգուշացրել են Սերոյանին, որ ստուգման են գալիս, խցումդ ամեն ինչ նորմալ պետք է լինի. «Ձեզ մի բան էլ ասեմ: Քրեակատարողական հիմնակում որ դատապարտյալների համար ճաշ են պատրաստում, դատապարտյալներն այդ լափը չեն ուտում: Սննդի մնացորդներով ՔԿՀ պետը խոզ էր պահում:

Շատ հետաքրքիր բաներ են կատարվել «Վանաձոր» ՔԿՀ-ում, սակայն այս պատմության մեջ կցանկանայի շեշտել ամենակարեւորը: Այն, ինչ կատարվել է «Վանաձոր» ՔԿՀ-ում, կատարվել է ՔԿՀ-ում վերահսկողություն իրականացնող դատախազ Սոս Տոնոյանի հովանավորչությամբ:

Նա ի պաշտոնե պարտավոր էր վերահսկողություն իրականացնել, որ նմանատիպ երեւույթները բացառվեն: Բայց իրականում նման բաներ պարբերաբար կատարվել են, ուրեմն նշանակում է, որ ինքը թերացել է: Այստեղ էլ հենց դրսեւորվում է դատախազ Սոս Տոնոյանի հովանավորչությունը: Ես հատուկ քննչական ծառայություն դիմում եմ գրել, որ ինձ որպես վկա հարցաքննեն, ու այն, ինչ Ձեզ պատմեցի, նաեւ այլ բաներ, պատմեմ քննիչներին: Չգիտեմ՝ իմ նամակը տեղ կհասնի՞, թե՞ ոչ: Բայց գրությունը արդեն տվել եմ ՔԿՀ-ի ղեկավարությանը, մնում է՝ հուսամ»:

Թե որքանով են կալանավորի այս հիմնավորումները հավաստի, կպարզի տարվող քննությունը: Սակայն այն, որ, ըստ պաշոնական հաղորդագրության, պարբերաբար կաշառք են տվել ՔԿՀ պետին, ու իրավիճակին լուռ հետեւել է «Վանաձոր» ՔԿՀ-ի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազ Սոս Տոնոյանը, մեղմ ասած, կասկածելի է:

Հետաքրքիր է՝ գոնե այս բացահայտումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը իրավիճակին օբյեկտիվ մոտենալու համար բացատրություն պահանջե՞լ է իր ենթակա դատախազից: Համենայնդեպս կալանավորի պնդումների 10 տոկոսն էլ եթե որպես իրողություն ապացուցվի, ՀՀ գլխավոր դատախազը մտածելու բան ունի:

Քնար Մանուկյան




Լրահոս