Սերժ Սարգսյա′ն, ինչպե՞ս եք ընդլայնելու ընթերցողների շրջանակը․ Հայաստանում գրքի շուկա չկա․ Արմեն Մարտիրոսյանի հակադարձումները՝ փաստերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հինգ տարի առաջ՝ հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երեւանը հռչակեց գրքի համաշխարհային մայրաքաղաք, մի իրադարձություն, որը մենք լայնորեն նշեցինք հյուրերի մասնակցությամբ, այդ թվում նաեւ՝ ԱՊՀ երկրներից:

Մարդկային կապիտալի զարգացմանը մեծ նշանակություն տալով՝ մենք որպես բազմաթիվ միջոցառումների լեյտմոտիվ ընտրեցինք ընթերցողների շրջանակի ընդլայնումը, քանի որ ընթերցող, զարգացած հասարակություն ունենալը մեզ համար կենսական կարեւորություն ունեցող պայման է»,-նման հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանը Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակադարձել է նրան՝ ներկայացնելով ուշագրավ փաստեր:

«Հայաստան ներմուծվող տպագրության համար հումքը՝ թուղթ, ներկ, տպաձեւեր, եւ այլն, մեր սահմանին թանկանում են 20-32%-ով, իսկ հաշվի առնելով Հայաստանի շրջափակումը՝ մեր գործարարների համար հումքը թանկանում է մինչեւ 40%: Այն դեպքում, երբ պատրաստի գիրքը, օրինակ՝ Թուրքիայից ներմուծելիս, ազատված է բոլոր տիպի հարկերից եւ տուրքերից: Տպագրության ոլորտի գործարարը դառնում է անմրցունակ, իսկ Հայաստանը թեկուզեւ ակամա ֆինանսավորում է Թուրքիայի տպարանները: Սա՞ է առաջատար մտածելակերպի արդյունքը, այսպե՞ս է կառավարությունը առավոտից իրիկուն մտածում գործարարի մասին»,-ասաց մեր զրուցակիցը:

Շարունակելով հակադարձել Սերժ Սարգսյանին՝ Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ Հայաստանում գրքի շուկա այդպես էլ չի ստեղծվել․ «Կեղծ գրքերի շուկա ունենք, սակայն լեգալ գրքերը (եթե դպրոցից կամ համալսարանից չեն պարտադրում գնել), շուկա չունեն, դրանք տարեկան կտրվածքով վաճառվում են միջինը 50 հատ, այնինչ՝ գիրքը տարեկան գոնե 1000 օրինակով պետք է վաճառվի, որպեսզի համարվի, որ այն շուկա ունի»,-ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ կատարեց հետեւյալ հարցադրումը՝ ինչո՞ւ Հայաստանում գրքի համար ավելացված արժեքի հարկը չեն նվազեցնում՝ հասցնելով գոնե 19 տոկոսի․ «Սերժ Սարգսյան, այդ ինչպե՞ս եք ընդլայնելու ընթերցողների շրջանակը՝ հրավառությունների տեսքո՞վ, երեւի նաեւ գրքի, տառի, ընթերցողների արձաններ տեղադրելո՞վ… Ես միշտ ասել եմ՝ օրինակ՝ Վրաստանում նման արձաններ չկան, քանի որ այնտեղ գիրքն ու գրողը չեն մեռել»,-ընդգծեց նա:

Հրատարակչության տնօրենը բերեց Ուկրաինայի, Վրաստանի օրինակը, որտեղ ավելացված արժեքի հարկը գրքի համար 0 տոկոս է․ «Մենք այս հարցով դիմել էինք ֆինանսների նախարարությանը, որտեղից պատասխանել էին, որ, օրինակ, Ադրբեջանում նման արտոնություն չկա: Ես հասկանում եմ, որ մեր կարկառուն պաշտոնյաների կյանքն անցել է Բաքվի սովետամահմեդական միջանցքներում, դրա համար էլ նրանց համար Ադրբեջանն ու Բաքուն են օրինակը, եւ ամեն բան արվում է, որպեսզի առավելագույնս մոտենան այդ իդեալին»,- ասաց նա:

Շարունակելով թեման՝ Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանում 1400 համայնքային գրադարաններից մնացել են 600-ը: «Միտումները ցույց են տալիս, որ առաջիկայում այդ թիվը կնվազի եւս երկու անգամ»,-նշեց նա:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ Հայաստանում անկախությունից ի վեր ընթերցանության մակարդակի աճ չի գրանցվել, այդ ուղղությամբ պետության կողմից ոչ մի ծրագիր չի իրականացվել․ «Ոլորտի խթանումը պետք է կատարվի թափանցիկ, մրցույթների միջոցով: Պետությունը պետք է ամեն ինչ անի, որ ստեղծագործողը ոչ մի չինովնիկի չձգտի հաճոյանալ, ինչ է թե նա է որոշելու՝ գիրքը կտպագրվի՞, թե՞ չէ, մրցանակ կամ մեդալ կտա՞ն, թե՞ չէ»,-կարծիք հայտնեց հրատարակչության տնօրենը:

Ինչ վերաբերում է անձամբ Սերժ Սարգսյանի՝ գրքասեր լինել-չլինելուն, Արմեն Մարտիրոսյանը եզրափակեց․ «Նրա սեղանի վրա գրքերն առնվազն երկու տարի դասավորված են մնում նույն տեսքով, չեն տեղաշարժվում: Երեւի պետք է նրան շնորհակալություն հայտնենք, որ գոնե հեռուստատեսությամբ չի ասում՝ ես գիրք կարդալ չեմ սիրում, ինչպես ասել էր Ռոբերտ Քոչարյանը: Ես դիմում եմ իշխանությանը՝ տղե՛րք, աջակցեք, թե չաջակցեք, լույսի՛ տարածման, գրքի՛ հանրայնացման պրոցեսը շարունակվելու է: Պարզապես ձեր ներկայիս գործելաոճի դեպքում շարունակելու եք խաղից դուրս մնալ»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս