2017 թվականի հոկտեմբերի 16-ին Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) իր կայքում հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն այն մասին, որ PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի հետ միասին դադարեցնում է դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։
Այդ վարկը տրամադրել էր կենսաթոշակային հիմնադրամը՝ պայմանով, որ այն ծառայի դանիական FLSmidth ընկերության արտադրած հանքարդյունաբերական սարքավորումների ձեռքբերմանը, իսկ EKF-ը գործարքում ներգրավված էր որպես վարկի չմարման դեպքում գումարի երաշխավոր։ Նման ծրագրերը վարկավորելը կենսաթոշակային հիմնադրամը հիմնավորել էր «պարտատոմսերից ստացվելիք եկամտից շատ ավելի բարձր եկամուտ ապահովող ծրագրերում ներդրում անելու» շարժառիթով։
Ավելի ուշ՝ 2016-ին, FLSmidth ընկերության գլխավոր տնօրեն Թոմաս Շուլցը Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով՝ «Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար»:
Իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ը նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը Վալլեքս ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։ «Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։
Նախքան այս տարվա ամառային արձակուրդները, ծրագրի հավանական դադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքին, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից», ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։ Վարկը պետք է վերադարձվի ամբողջությամբ՝ առանց դանիական կողմերի համար որևէ կորստի։
Դանիական մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի և գործարքը երաշխավորած պետական գործակալության որոշումը համընկավ այն օրվա հետ, երբ «Էքստրա Բլադետ» թերթում պետք է վերատպվեր դանիացի հետաքննող լրագրող Յենս Մալինգի հոդվածը հանքի ներկայիս վիճակի և դանիական ներդրումների մասին՝ օգոստոսին ավելի քիչ ընթերցողներ ունեցող մեկ այլ դանիական թերթում տպագրված վեց մասից բաղկացած ծավալուն շարքի հիման վրա։
Լրագրողը հետաքննությունը սկսել էր դեռևս 2016-ին և հստակ հարցադրումներ էր արել դանիական մարմիններին։ Դանիայում լույս տեսած հետաքննության թարգմանությունը և դրան եղած արձագանքների մասին նյութը կհրապարակենք ավելի ուշ։
«Էքստրա Բլադետի» այն հարցին, թե արդյոք գործակալությունը պատասխանատվություն է վերցնում համայնքին ու բնությանն արդեն հասցված վնասների համար, Անեթ Էբերհարդը պատասխանում է. «2013-ին, երբ մենք մտանք (ծրագրի մեջ), հանքն արդեն իրականություն էր՝ անկախ նրանից, մենք կմասնակցեինք դրան, թե՝ ոչ։ Սակայն FLSmidth-ից սարքավորումներ գնելն օգնեց, որպեսզի մենք նաև հստակ պահանջներ ներկայացնենք, որոնք այլապես հանքին չէին ներկայացվի, և այդ առումով որոշակի դրական տեղաշարժեր են եղել։ Սակայն, ցավոք, հանքը չբավարարեց հենց սկզբից մեր դրած պահանջները, որոնք կոչված էին որոշակի չափանիշներ պահպանելուն»։
Յենս Մալինգի հոդվածը մանրամասնորեն նկարագրում է հանքի շահագործման հետ կապված ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ իրավական, համայնքի բնակիչների իրավունքների խախտման, նույն ընկերության կողմից Ալավերդում շահագործվող պղնձաձուլարանի խնդիրները։ Մալինգի լուսանկարները հստակ ցույց են տալիս Շնող գետի աղտոտումը Թեղուտի պոչամբարից մշտապես արտահոսող թափոնաջրերով, իսկ Թեղուտի պոչամբարի սեյսմակայուն չլինելու, և, ընդհանրապես, պոչամբարների կառուցման չափանիշներին չհամապատասխանելու մասին տվյալները հիմնված են Համաշխարհային Բանկի պատվերով շվեդ երկրաբան մասնագետների հետազոտության և եզրակացությունների վրա։
Վարկի դադարեցման մասին հաղորդագրության մեջ EKF-ը հիշատակում է հենց այս խնդիրները՝ ջրերի աղտոտումը, պոչամբարի հետ կապված խնդիրներն ու Ալավերդու պղնձաձուլարանի աշխատանքային պայմանների վատթար վիճակը։ «Էքստրա Բլադետում» հրապարակված են նաև Վալլեքսի հանրային կապերի պատասխանատու Դավիթ Թադևոսյանի խոսքերը, որ պոչամբարից եղել են վթարային հոսքեր, «որոնք որևէ կերպ չեն աղտոտել գետը»։
Ինչ վերաբերում է պոչամբարի սեյսմակայունությանը՝ «այն աշխարհում կլինի ամենաբարձր պատնեշ ունեցող պոչամբարը, գտնվում է ինժեներների վերահսկողության ներքո, անհասկանալի է, թե ինչի վրա է հիմնված Համաշխարհային բանկի զեկույցը», ասել է Վալլեքսի պատասխանատուն։
Թեև EKF-ը գրում է, որ 2013 թվականին իրենց որոշումը հիմնված է եղել տարբեր խորհրդակցությունների վրա, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության հետ, նրանք թաքցնում են Հայաստանում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության կողմից իրենց ներկայացված հանգամանալից նամակին և հետագա տարբեր հանդիպումներին հնչած հորդորներին, ինչպես նաև Շնող և Թեղուտ գյուղերի բնակիչների ստորագրահավաքին ընթացք չտալու իրենց վարքագիծը։
Բացի այդ, տարբեր ակտիվ մարդիկ և խմբեր, տարիներ շարունակ բարձրաձայնել են հանքում առկա խախտումների ու էկոլոգիական խնդիրների մասին։ Դիմումներ են գրվել դանիական տարբեր իրավապաշտպան կառույցների, աջակցություն է ցուցաբերվել հետաքննող լրագրողների աշխատանքին Հայաստանում։
Դեռևս 2014-ին ՍիվիլՆեթն իր հետաքննական հոդվածում մեջբերել է EKF փոխտնօրենի հետևյալ խոսքերը․ «Առևտրային լավ հնարավորություն (ենք ապահովում) դանիական արտահանողների համար, որոնք արտասահմանում պայմանագրերի շուրջ են բանակցում: Եթե նրանք ի վիճակի են մրցունակ վարկային պայմաններ և հուսալի արտադրանք առաջարկել, ապա վաճառքի բոլոր շանսերն առկա են: ՍիվիլՆեթի լրագրողն այնուհետև եզրակացրել է. «Ուստի արդեն կարևոր չէ, որ բնապահպանական և սոցիալական վտանգների համար Թեղուտի հանքը կոշտ քննադատության է արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»։
Դանիայի կողմից նման կոշտ գնահատականներով ֆինանսավորման դադարեցումը մի քանի բանի կարող է հանգեցնել՝ ընկերության սնանկացման, ինչը շատ սպասված բան է՝ որպես նախապայման Թեղուտի հանքը օր առաջ փակելու, լանդշաֆտը հնարավորինս վերականգնելու, հոսող պոչամբարը փակելու և վտանգները չեզոքացնելու, էկոհամակարգը կամաց-կամաց վերականգնելու, ինչպես նաև մարդկանց գյուղատնտեսական և այլ գործունեությունները չթունավորված տարածքներում վերսկսելու համար։ Ուստի համայնքի բնակիչները պետք է պատրաստ լինեն իրենց կյանքը վերականգնելու տեսլականին և, առավել քան երբևէ, համախմբված լինեն։
Այս որոշման ընդունման վրա ազդեցություն է ունեցել նաև այն, որ ձախողվել են Հայաստանում իրավիճակը պարտակելու և ամեն ինչ «գերազանց» գնահատող զեկույցներով շարունակաբար վարկատուներին և ներդրողներին ներկայանալու փորձերը։ Պատասխանատվության կոչերն ու հանրային ճնշումն ինչպես Հայաստանի ներսից, այնպես էլ՝ Դանիայի լրագրողների կողմից, ի վերջո հանգեցրել են մի որոշման, որով դանիական գործակալությունն ու վարկատու հիմնադրամը կանխել են իրենց վարկանիշի շատ ավելի կտրուկ անկումը, քանի որ հետաքննական հոդվածները սկսում էին արտատպվել ու կարող էին հանգեցնել հզոր հանրային արձագանքի Դանիայում և այլ երկրներում։ Այս որոշումն արտացոլում է մտահոգ քաղաքացիների երկարատև տարիների աշխատանքի արդյունքը։
Այս լուրը նաև հերթական անգամ փաստում է, որ միջազգային չափանիշներ մեջբերող հանքարդյունաբերական ընկերությունները պարզապես խաբեբաներ են՝ մի բան, որ ասվել է Վալլեքսին, այժմ էլ ասվում է մնացած ընկերություններին։ Բոլոր այն վտանգները, որ բնապահպաններն ու գիտնականները վկայակոչել են նախքան հանքերի բացվելը՝ որպես հանքերի շահագործումն անթույլատրելի համարող հանգամանքներ, իրականություն են դարձել և ահռելի վնաս հասցրել բնությանը, մարդկանց ու տնտեսությանը։