Սերգո Կարապետյանի գործարանը 1 միլիոն դրամի պարտք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում քննարկվեց մարզի համայնքների՝ 2017 թվականի 9 ամիսների սեփական եկամուտների կատարման հարցը, որը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը: Նշվեցին այն համայնքները, որտեղ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները բարձր չեն: Նոյեմբերյանի տարածաշրջանի խոշորացված Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարոնյանը հայտնեց, որ Այրումի պահածոների գործարանը 1 միլիոն դրամի պարտք ունի Այրում համայնքին: Որպես գործարանի սեփականատեր համայնքի ղեկավարը տվեց գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի անունը:

Այրում քաղաքն ունի 2600 բնակիչ: Որպես բանվորական ավան՝ այն հիմնվել է 1937թ., տեղի պահածոների գործարանի կառուցման հետ միաժամանակ: Գործարանը խորհրդային տարիներին արդյունաբերական հսկա էր, տարեկան արտադրում էր 60 միլիոն պայմանական տուփ պահածո: Գործարանի սեփականաշնորհումից հետո այն շատ քիչ արտադրողականությամբ էր գործում:

2012 եւ 2013 թվականներին գործարանը քիչ քանակությամբ է դեղձ ընդունել, այն էլ ցածր գնով՝ ուշացնելով ընդունված բերքի դիմաց վճարումները: Վերջին տարիներին գործարանն ընդհանրապես մթերումներ չի իրականացնում: 2008թ. Այրումի պահածոների գործարանի սեփականատերը «Արտֆուդ» ընկերությունն է: Այդ ընկերության հիմնական սեփականատերերից է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետանը: 2008թ. Սերժ Սարգսյանի ներկայությամբ Այրումի պահածոների գործարանում մեծ շուքով գործարկվեց խյուսի հոսքագիծ:

Հանդիսավոր այդ միջոցառման ժամանակ Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանին հավաստիացրեց, որ Այրումի պահածոների գործարանը մեծ քանակությամբ դեղձ կընդունի, որը գործարկված խյուսի արտադրամասում կվերամշակեն: Սակայն հետագայում խյուսի հոսքագիծը Այրումից տեղափոխվեց նույն ընկերությանը պատկանող, Արտաշատում գործող ձեռնարկություն:

2012թ. ապրիլի 21-ին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, Սերժ Սարգսյանը նախընտրական այցով Այրում էր այցելել: Այրումցիները երկրի նախագահին խնդրում էին միջոցներ ձեռնարկել՝ Այրումի պահածոների գործարանը աշխատեցնելու, այդ կերպ այրումցիների զբաղվածության խնդիրը ինչ-որ չափով լուծելու համար: Սակայն երբեմնի արդյունաբերական հսկան այժմ պարապուրդի է մատնված, Այրում համայնքին էլ անգամ հարկային չմարված պարտավորություններ ունի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս