ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ուսանողի փոխատեղումը ե՞րբ է կատարվում եւ ի՞նչ ժամկետում:
Վարսեր Պետրոսյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Յուրաքանչյուր կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ ուսումնական հաստատության տնօրենը տալիս է հայտարարություն` ուսանողներին տեսանելի վայրում, ինչպես նաեւ ինտերնետային կայքում վճարովի հիմունքով սովորող ուսանողի սոցիալական վիճակի եւ բարձր առաջադիմության արդյունքների հիման վրա ուսման վճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ դիմումներ ընդունելու մասին:
Դիմումներն ընդունվում են հայտարարության օրվանից մինչեւ կիսամյակի ավարտը, իսկ տվյալ ուսումնական տարում ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակն սկսելուն նախորդող առաջին շաբաթվա ընթացքում: Ուսանողը հաստատության տնօրենի անունով դիմումի հետ մեկտեղ կցում է նաեւ սահմանված սոցիալական վիճակի վերաբերյալ հավաստող փաստաթղթերը:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում փոխատեղումներն իրականացվում են ուսումնական կիսամյակն սկսելուն նախորդող եւ հաջորդող երկու շաբաթների ընթացքում: Փոխատեղման արդյունքում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները տեղափոխվում են անվճար համակարգ, իսկ անվճար համակարգում ընդգրկված, սակայն բարձր առաջադիմություն չունեցող ուսանողներն ընդգրկվում են վճարովի համակարգ: