Ինչպես հայտնի է՝ աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի սոցիալական ապահովության պետական ծառայության ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանը, պատճառը հայտնաբերված չարաշահումներն են:
Երեկ այս պաշտոնանկությանն անդրադարձել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը` հայտարարելով, թե Ջհանգիրյանը ծառայության նորանշանակ պետի` Հովհաննես Սահակյանի սրտով չի եղել, նաեւ նշել է, թե Ջհանգիրյանը երկար տարիների լավագույն աշխատող է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթն աղմկահարույց այս պաշտոնանկության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմեց սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին, որն էլ անհեթեթություն որակեց այդ հայտարարությունները:
Մանրամասները Սահակյանը խոստացավ ներկայացնել առաջիկայում, երբ իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ ասուլիս հրավիրի: «Անհեթեթություն է: Իմ աշխատանքում չեմ առաջնորդվում «իմ սրտով չէ» հասկացությամբ, այլ առաջնորդվում եմ հստակ սկզբունքներով, որոնց մասին հայտարարել եմ առաջին իսկ օրից՝ ազնվություն, օրենքը պահպանել, համակարգը չարաշահումներից զերծ պահել, տատիկ-պապիկներին պատշաճ ծառայությունների մատուցում:
Այս մասին հայտարարել եմ մարզային այցելությունների ընթացքում` նույնը հորդորելով տարածքային բաժինների պետերին: Եվ եթե որեւէ մեկն այս սկզբունքների կրողը չէ, ինձ հետ ճանապարհ չունի անցնելու»:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Ե. Ջհանգիրյանը լավագույն աշխատողներից է եղել, Սահակյանը նշեց. «Տարբեր մարդկանց համար չափանիշները տարբեր են: Չեմ ուզում մեկնաբանել, կմեկնաբանեմ 100 օրվա առթիվ կայանալիք ասուլիսում»: