Նախարարությունը սնանկացրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի ճանապարհաշինարարական ընկերությունը ռազմավարական նշանակության հիմնարկ է: Փաստացի շարունակվող պատերազմի պայմաններում սահմանամերձ Իջեւանում նման հիմնարկի գործունեությունը կարեւոր էր երկրի պաշտպանունակության համար:

2013թ. ընկերությունը ստանձնեց Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը, որի համար պետբյուջեից նախատեսված էր 519 միլիոն դրամ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը ճանապարհը մինչեւ 2014թ. հունիսի 30-ը չգործարկելու պատճառաբանությամբ խզեց ընկերության հետ պայմանագիրը, դատի տվեց:

Նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2014թ. դեկտեմբերի 26-ին ավելի քան 41 միլիոն դրամ բռնագանձելու պահանջով հայց է ներկայացրել դատարան՝ միջնորդելով կիրառել հայցի ապահովում: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2015թ. փետրվարի 23-ի որոշմամբ՝ հայցագնի չափով արգելանք է դրվել ընկերությանը պատկանող գույքի, իսկ դրա անբավարարության դեպքում դրամական միջոցների վրա:

2015թ. ապրիլի 7-ին ընկերությունը ներկայացրել է հայցադիմումի պատասխան, որտեղ նշել է, որ պայմանագիրը կնքվել է ոչ թե աշխատանքները սկսվելու պահին, այլ ամիսներ անց, ընկերությունը աշխատանքների հավելյալ ժամկետ տրամադրելու խնդրանքով բազմիցս դիմել է ԾԻԳ-ին, սակայն այդ ժամկետը չի տրամադրվել, ԾԻԳ-ը հաշվի չի առել ֆորս մաժորային իրավիճակը՝ սահմանի այդ հատվածում ադրբեջանական կրակոցները եւ հորդ անձրեւները, «Ճաննախագիծ ինստիտուտի» կազմած նախագծում մի շարք բացթողումներ կան, երկրաբանական հետազոտություններ ընդհանրապես չեն կատարվել, ճանապարհը կառուցելիս նախագծի եւ արվող աշխատանքների միջեւ հակասություններ են ի հայտ եկել:

«Իջեւանի ՃՇՇ»-ն միջնորդել է համալիր փորձաքննություն անցկացնել: 2015թ. դեկտեմբերի 8-ին դատարանի որոշմամբ՝ միջնորդությունը մասնակի է բավարարվել, նշանակվել է շինարարատեխնիկական եւ ապրանքագիտական համալիր փորձաքննություն: 2017թ. մայիսի 18-ին դատարանում ստացվել է փորձագետի եզրակացությունը, եւ գործի վարույթը վերսկսվել է:

2017թ. հունիսի 26-ին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչ Ա. Հարությունյանը դատարան ներկայացրած դիմումին կցել է ընկերությունը սնանկ ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը եւ խնդրել է իրեն ներգրավել գործի քննությանը: Նա 2017թ. սեպտեմբերի 14-ին դատարանին հայտնել է, որ ընկերությունը սնանկ ճանաչելու մասին վճիռը մտել է օրինական ուժի մեջ եւ միջնորդել է ընկերության դեմ նախարարության ԾԻԳ-ի հայցով եւ հակընդդեմ հայցով քաղաքացիական գործի վարույթը կարճել: 2017թ. հոկտեմբերի 13-ին դատավոր Արման Կուրեխյանը վճռել է քաղաքացիական գործի վարույթը կարճել:

Իջեւանի ՃՇՇ-ի հետ պայմանագիրը խզելուց հետո Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ճանապարհի շինարարությունը տրվեց «Խաչհար» ՍՊԸ-ին, որին հավելյալ ավելի քան 36 միլիոն դրամ հատկացվեց: Սակայն այդ ընկերությունը խախտեց ճանապարհի գործարկման ժամկետը, շրջանցիկ ճանապարհը շահագործման հանձնվեց 2015թ. հուլիսին: Երկրաբանական հետազոտություններ չէին կատարվել, որը կբացահայտեր շրջանցիկ ճանապարհին առկա սողանքի օջախը, նորակառույց ճանապարհը սողանքից սկսեց փլվել: Ներկայումս «Տավուշի ճանապարհների շահագործման եւ շինարարական» ընկերությունը պետական բյուջեի 25 միլիոն դրամով նորոգում է քանդված ճանապարհը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս