Նոր ղեկավարն ու բացահայտումները. բանը հասավ ԱԱԾ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում աղմկալի չարաշահումների դրսեւորումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանը ֆինանսական չարաշահումների համար աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին:

Խաչիկյանը հետեւանք չթողեց

Դեռեւս 2012 թվականին բացահայտվել էր Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության այդ ժամանակվա պետ Վազգեն Խաչիկյանի կողմից մոտ 290 մլն դրամ յուրացնելու դեպքը, ինչի արդյունքում վերջինս ազատազրկման դատապարտվեց 12 տարի ժամկետով, սակայն ընդամենը 5 տարի մնաց անազատության մեջ՝ այդպես էլ չփոխհատուցելով պետությանը հասցրած վնասը:

Բանը հասավ ԱԱԾ-ին

2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում 13 անձ հայտնվել է մեղադրյալի աթոռին: 2017 թվականի հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձանց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարների ստացումը:

Իսկ ահա փետրվարի 9-ին քրեական գործ էր հարուցվել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ կապված՝ առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակելու համար:
Ու մինչ իրավապահները քննում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում բուն դրած կոռուպցիոն դրսեւորումները, «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել այս օրերին նախարարությունում տիրող քաոսային իրավիճակի մասին:

Նոր ղեկավարն ու բացահայտումները

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանը նշանակվելուց հետո ստուգումներ է իրականացրել ծառայությունում, ինչի արդյունքում դարձյալ ֆինանսական չարաշահումներ են հայտնաբերվել:

Տեղեկությունը փորձեցինք պարզել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից՝ հասկանալու համար, թե ինչ իրավական ընթացք են տվել հայտնաբերված չարաշահումներին: Ի պատասխան ՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը հայտնեց. «Այո, Ձեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանը ազատվել է աշխատանքից ֆինանսական չարաշահումների համար: Այս պահին դեռեւս ընթանում են ստուգումներ, որոնց վերջնական արդյունքները պարզ կլինեն մեկ ամիս անց»:

Չնայած ծառայությունում տիրող իրավիճակի մասին այլ մանրամասներ չներկայացրեցին, սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը: Մասնավորապես, ստուգումների արդյունքում չարաշահուներ են հայտնաբերվել գնումների գործընթացում: Ամենայն հավանականությամբ՝ վարչության պետը գնումների գործընթացին իր ցանկալի ընկերություններին է առաջնայնություն տվել, որոնց հետ համատեղ «գործարքների են գնացել», իսկ թե կոնկրետ ինչ գործարքների մասին է խոսքը, կատարվող ստուգումները ցույց կտան:

Նշենք, որ ներկայումս բաժին առ բաժին ստուգումները շարունակվում են, եւ ծառայության աշխատակիցները շունչները պահած՝ սպասում են, թե իրենց ինչ է սպասվում կամ իրենց բաժնում ինչ կհայտնաբերեն:

Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձիք տեսնելով, որ Վազգեն Խաչիկյանը եւ այլ պաշտոնյաներ կարող են գումար յուրացնել եւ մնալ անպատիժ՝ շարունակում են չարաշահումների գործընթացը:

Քնար Մանուկյան




Լրահոս