«ԱՐՏԱԳԱՂԹԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՏԵՄՊԸ ԻՆՁ ՇԱՏ Է ՎԱԽԵՑՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Պապին Պողոսյանը, ով տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, եւ 13 տարի էր՝ Հայաստանում չէր եղել, արդեն մի քանի օր է՝ հայրենիքում է։ Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակին, արտագաղթի տեմպերին, խոսել է նաեւ հայկական երգարվեստի խնդիրների մասին։

-Պարո՛ն Պողոսյան, երբ ոտք դրեցիք հարազատ հողի վրա, ի՞նչ հիասթափեցնող եւ ի՞նչ հուսադրող հանգամանքներ նկատեցիք։
-13 տարի էր՝ Հայաստանում չէի եղել։ Մեծ հուզմունքով հանդիպեցի աղջկաս, թոռներիս, որոնք արդեն հարսնացուներ են դարձել։ Դա ինձ համար ամենաերջանիկ պահն էր։ Բայց, իհարկե, հիասթափեցնող հանգամանքները շատ են։ Ես կցանկանայի, որ այն, ինչ ունեինք երիտասարդ տարիներին, վերադառնար, շատ կուզեի, որ պատմական շենքերը պահպանած լինեինք, Երեւանում այգիները շատ լինեին, օրինակ՝ օպերային թատրոնի շրջակայքում սրճարաններն ավելի քիչ լինեին, փոխարենը տեսնեինք մեր անվանի դեմքերի արձանները, հնչեր դասական երաժշտություն։
-Տարիներ առաջ ինքներդ արտագաղթեցիք երկրից։
-Արտագաղթը ինձ հուզում է ու շատ վախեցնում։ Հարկավոր է ուղղակի մի փոքր աշխատելու հնարավորություն տալ ժողովրդին։ Մեր ժողովուրդը աշխատող է, ստեղծագործող։ Որ երկիր մտնես, կտեսնես, որ հայն այնտեղ մի շինություն է սարքել, ինչ-որ արժեքավոր բան է ստեղծել։ Մեր ազգակիցներին պետք է ուղղակի գոնե մինիմալ պայմաններով ապահովել, որպեսզի վերադառնան հայրենիք։
-Ինքներդ վերադառնալու ցանկություն ունե՞ք։
-Ես, իհարկե, ունեմ նման ցանկություն։ Ուր էլ գնանք, ինչ էլ անենք, մեր հայրենիքում անցկացրած անհոգ մանկությունն ու երիտասարդությունը չենք մոռանա։ Բոլորիս վերջին հանգրվանը լինելու է մայր հայրենիքում, ես Ձեզ հավատացնում եմ։
-Իսկ հայաստանյան ներքաղաքական կյանքին հետեւո՞ւմ եք։ Ի՞նչ տպավորություններ ունեք։
-Բոլորս էլ կիսում ենք մեր քաղաքացիների մտահոգությունները։ Շատ կցանկանամ, որ մեր երկրում անցկացվեն արդար, թափանցիկ ընտրություններ։ Հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ ամեն բան կհարթվի։
-Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանին այսօր ի՞նչն է պակասում։
-Վստահությունը, որոնք մարդիկ վաղուց կորցրել են, ինչպես նաեւ այն ջերմությունը, որ նախկինում կար մարդկանց սրտերում, այն ժպիտը, որ կար նրանց դեմքերին։ Այդ ամենի կորուստը կապված է մարդկանց ապրելաձեւի, սոցիալական վիճակի հետ։ Շատ կուզենայի, որ մարդկանց դեմքերին վերադառնար այդ ժպիտը, գոհունակությունը։
-Մեր իշխանությունների գործունեության մեջ ի՞նչն է, որ Ձեզ դուր չի գալիս։
-Իմ հիմնական ցանկությունն այն է, որ երբ իշխանավորները խոսում են ժողովրդի անունից, գոնե ինչ-որ տոկոսով իրականացնեն իրենց խոստացածը, իրենց խոսքի տերը լինեն։ Դա ամենակարեւորն է։
-Իսկ հայկական երգարվեստում տիրող մթնոլորտից ի՞նչ տպավորություններ ունեք։ Շատ է խոսվում այն մասին, որ ոլորտում գերակշռող է դարձել թուրքական կլկլոցն ու արաբական մուղամը։
-Ես համաձայն եմ, բայց նաեւ չեմ ուզում որեւէ երգչի քննադատել։ Ամեն մեկն ուզում է գումար աշխատել, ընտանիք պահել։ Բայց աբսուրդ է, երբ հեռուստաընկերություններն ու ռադիոընկերություններն են պրոպագանդում նմանատիպ երաժշտություն։ Ժողովուրդն էլ պետք է ուշքի գա ու չլսի այդ երաժշտությունը, չգնի այդ երաժշտությունը տարածող երգիչների համերգների տոմսեր եւ այլն։
-Դուք հետեւո՞ւմ եք, թե վերջին շրջանում նախագահն ում է արժանացնում վաստակավորի կոչումների։ Այդ պատկերը Ձեզ գոհացնո՞ւմ է։
-Գիտեք՝ նրանց թվում կան ե՛ւ արժանիներ, ե՛ւ անարժաններ։ Թող ղեկավարությունը մտածի՝ ում տա, ում՝ ոչ։ Ամեն բան այնքան է խառնվել, որ չես հասկանում՝ ինչ է կատարվում։ Ամեն դեպքում, երկրի ղեկավարությունը պետք է չափանիշները պահպանի։ Հուսով եմ՝ այս առումով դրական տեղաշարժ կուենանք։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ՝ «ԾԵՐԱՆՈՑԻ ՏՆՕՐԵՆ»

Օրեր առաջ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ ավելի վաղ նախատեսված «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացումը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 24։ Պատճառը ռեժիսորի ունեցած տարաձայնությունն էր դերակատարներ Արամոյի եւ Լուիզա Ղամբարյանի հետ: Բանն այն էր, որ Ս. Շահվերդյանը ցանկացել էր փոփոխություններ մտցնել ներկայացման մեջ, այնինչ դերասանները չէին համաձայնել՝ նշելով, որ չեն հասցնի կարճ ժամանակում պատրաստվել:

«Ժողովուրդ»-ը Լուիզա Ղամբարյանից հետաքրքրվեց՝ արդյոք դերասաններին հաջողվել է ընդհանուր լեզու գտնել ռեժիսորի հետ, տարաձայնություններն, ի վերջո, հարթվեցին, թե ոչ. «Մեր միջեւ, ավելի ճիշտ կլինի ասել, ծագեցին հակասություններ, բայց ստեղծագործական պրոցեսում այդ ամենը նորմալ է։ Ի վերջո, Սուրենի նշած շտկումներն արվեցին, այնպես որ առաջիկայում հանդիսատեսին ներկայացումը կմատուցվի նորովի»,-ասաց նա։
«Ժողովուրդ»-ը նաեւ հետաքրքրվեց՝ ի՞նչ նոր ներկայացումներում է ընդգրկված դերասանուհին, կա՞ն արդյոք նոր կերպարներ, որոնք նա պատրաստվում է մարմնավորել. «Դրամատիկական թատրոնում երկու նոր ներկայացում է բեմադրվում։ Դրանցից առաջինի ռեժիսորը կրկին Սուրեն Շահվերդյանն է։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկությունը»», ես կխաղամ Բլանշի դերը։ Մյուս ներկայացումը, որտեղ ընդգրկված եմ, կբեմադրի Ժան Նշանյանը։ Գլխավոր դերերում Արթուր Ութմազյանն է ու ես»,-պատմեց դերասանուհին։
Հարցին, թե Լուիզա Ղամբարյանին առաջիկայում կտեսնենք արդյո՞ք որեւէ հեռուստանախագծի շրջանակում, վերջինս պատասխանեց. «Հանրային հեռուստաընկերության եթերում շուտով կլինի «Ծերանոց» աշխատանքային անունը կրող հեռուստասերիալ, որի շրջանակում կմարմնավորեմ բացասական կերպարի։ Այն, իսկապես, շատ է հետաքրքրել ինձ։ Ես խաղալու եմ ծերանոցի տնօրենի։ Ասեմ, որ սերիալում կան մի քանի կանանց կերպարներ, եւ ես ընտրության հնարավորություն ունեի։ Ի վերջո, կանգ առա հենց այդ կերպարի վրա, քանի որ այն միանշանակ բացասական չէ, պարունակում է մի շարք հետաքրքիր շերտեր։ Հեռուստադիտողն ընթացքում կհասկանա, որ այդ կինը ունի անցյալից եկող խնդիրներ, եւ նրա պահելաձեւը ինքնապաշտպանողական ռեակցիայի արդյունք է։ Մի խոսքով, ինձ գրավեց այն, որ սերիալում կերպարս բացելու հնարավորություն եմ ունենալու։ Այնպես որ, հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՀԱՋՈՐԴԸ՝ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգ-երեկոն:
Կմասնակցի Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:
Մենակատարներ` Իրինա Զաքյան, Հենրիետա Հարությունովա, Քրիստինե Սահակյան, Յանա Դարյան, Արթուր Ավանեսով:

 

 

5-ՐԴ ՏԵՂՈՒՄ
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Հարություն Մերդինյանն աշխարհի առաջնությունում նժույգթափեր վարժությունում 5-րդն էր:
Նժույգի վարպետը գոհ է իր մրցելույթներից: Մարզիկն ավելի շատ կարեւորում է վարժության մաքուր կատարումը, քան զբաղեցրած տեղը. «Մարզիչներս ասացին, որ իմ առջեւ դրված առաջադրանքը կարողացել եմ լավ կատարել: Ես նույնպես գոհ եմ: Ինձնից կախված ամեն բան արել եմ: Որակավորման փուլում շատ երկար սպասեցինք վարժությունը կատարելուն, տեխնիկական խնդիրներ կային: Սառել էի, մի պահ քիչ էր մնում ընկնեի նժույգից: Բայց երեւի հենց լավ մարզավիճակում լինելու շնորհիվ կարողացա շտկել իրավիճակը:
Այժմ հիմնական նպատակս Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերն է: Չգիտեմ՝ որքանով կհաջողվի ուղեգիր ձեռք բերել»,-ասել է Հարություն Մերդինյանը:




Լրահոս