Հարց քաղաքացիներից` ի՞նչ է լինում այն դեպքում, երբ երաշխավորը հրաժարվում է վճարել վարկի ամսական մարման գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է լինում այն դեպքում, երբ երաշխավորը հրաժարվում է վճարել վարկի ամսական մարման գումարը: Այսինքն՝ ո՞վ է պարտավորվում վճարել այն: Արդյո՞ք տվյալ գործն անցնում է դատարան: Եվ կցանկանայի իմանալ՝ երաշխավորը կարո՞ղ է հրաժարվել այդ վարկից:

Միսակ Դավթյան (33 տարեկան, մենեջեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երաշխավորը երաշխավորության պայմանագրով այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել՝ այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար: Վարկառուի հետ լինելով համապարտապան վարկառուի կողմից վարկային պայմանագրով ստանձնած վարկային պարտավորությունների համար՝ երաշխավորը նույնպես պատասխանատվություն է կրում վարկային պարտավորությունների կատարման համար: Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորությունը կատարած երաշխավորին են անցնում այդ պարտավորությամբ պարտատիրոջ իրավունքները եւ պարտատիրոջ` որպես գրավառուի պատկանող իրավունքներն այն ծավալով, որով երաշխավորը բավարարել է պարտատիրոջ պահանջը: Երաշխավորն իրավունք ունի նաեւ պարտապանից պահանջել հատուցելու պարտատիրոջը վճարած գումարի տոկոսներն ու պարտապանի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ իր կրած այլ վնասները: Այսինքն՝ պարտատիրոջ պահանջները կատարած երաշխավորը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում պարտապանի նկատմամբ իր կատարածի չափով:

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման անախորժ պատմությունների մեջ չհայտնվելու եւ ավելորդ գումարներ չվատնելու համար՝ ցանկալի է յուրաքանչյուր քաղաքացի պատասխանատվություն կրի առաջին հերթին ինքն իր առջեւ:




Լրահոս