Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Մեղրիի ազատ տնտեսական գոտու զարգացման ծրագրին. հայտարարել է Մեդվեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Մեղրիում՝ Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու զարգացման ծրագրին և ներգրավել ռուսական կապիտալն այնտեղ: Այդ մասին ՀՀ կառավարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Մենք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Այդ իսկ պատճառով եթե Եվրասիական տնտեսական միության մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը: Գործընկերները մեզ այսօր առաջարկել են համաներդրման այլ ձևաչափեր: Մենք կմտածենք, թե ինչպես այդ ամենը հստակեցնենք, միգուցե օգտագործելով ռուսական զարգացման ինստիտուտներ, ինչպիսիք են Ուղղակի ներդրումների հիմնադրամը, Վնեշէկոնոմբանկը և Ռոստէքսպորտցենտրը: Կարևորը, որ դա տա իր պտուղները»,- ասաց Մեդվեդևը:

Իր հերթին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ այդ թեման քննարկել են: «Ավելին, ինչպես ես արդեն ասել եմ, եղել են բավականին հաճախակի բանակցություններ միջգերատեսչական ու միջոլորտային մակարդակներում և արդեն կան որոշ հստակեցնումներ: Մենք գտնում ենք, որ ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է հանդիսանում ռուսական կապիտալի ու բիզնեսի համար, որը հետաքրքրություններ ունի Իրանում: Ավելին, մենք շատ բաց ենք ու պատրաստ ենք համագործակցել ոչ միայն ԱՏԳ-ում ռուսական բիզնեսի տեղակայման իրավունքով, այլև համատեղ ներդրումային համագործակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այն բավականին ինտենսիվ բանակցությունները, որոնք տեղի են ունենում, կունենան վերջնական պատրաստի տեսք կիրառման համար»,- ասաց ՀՀ վարչապետը:




Լրահոս