Հայկական գյուղմթերքները արտակարգ որակ ունեն. ՌԴ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը գոհունակություն հայտնեց գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունից և ընդգծեց, որ այս ուղղությամբ երկու երկրներն ունեն ամուր հիմքեր:

«Մեր երկրում շատ տարածված են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք պտուղբանջարեղենային պահածոները, որոնք արտադրվում են Հայաստանում ու աչքի են ընկնում արտակարգ որակով: Հայկական ծիրանը դա առանձին թեմա է: Ես նոր իմացա, իմ գործընկերը տեղեկացրեց, որ կա «ուշ ծիրան» հասկացողություն, որը հավաքում են այժմ, այնպես որ ծիրանային պատմությունը շատ երկար է:

Գյուղատնտեսության ոլորտում ներուժը շատ մեծ է, հատկապես հաշվի առնելով, որ մեր երկիրը սեփական գյուղատնտեսությունը զարգացնելուց բացի, դեռ պահպանում է մի շարք երկրներից պտուղբանջարեղենային արտադրանքի մատակարարումների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը բնականաբար նպաստում է, որպեսզի մենք մեծացնենք փոխգործակցությունը Եվրասիական միության մեր բարեկամների ու գործընկերների հետ, մասնավորապես՝ Հայաստանի հետ»,- ասաց Մեդվեդևը:

Խոսելով գյուղոլորտում Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացման մասին՝ ՌԴ վարչապետն ասաց, որ դեռ չունեն նման խոշոր ու առաջադեմ նախագծեր ջերմոցային տնտեսության ու վերամշակման առումով և պետք է անպայման դրանով զբաղվեն, սակայն ընդգծեց, որ ՌԴ պատրաստ է շարունակել աշխատել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումների ուղղությամբ: «Այստեղ տարբեր տարբերակներ ունենք և աջակցության շրջանակներում և այն աշխատանքային քարտեզի, որը մենք պատրաստել ենք մեր մեքենատրակտորային կայանների պետական ցանցի զարգացման, ավելի ճիշտ վերականգման ուղղությամբ: Այնպես որ, կարծում եմ, որ ունենք շատ մեծ հնարավորություններ ինչպես այս, այնպես էլ այլ ուղղություններով»,- ասաց Մեդվեդևը:




Լրահոս