Հարց քաղաքացիներից` կտակի մասնաբաժնի տերերը կարո՞ղ են ստանալ իրենց հասանելիքը վաճառքից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայրս իր տունը կտակել է փոքր եղբորս: Կտակի պահանջի համաձայն՝ եղբայրս տանը միայն ապրելու իրավունք ունի, իսկ վաճառվելու դեպքում պետք է բաժանվի երեք երեխաներին հավասար մասնաբաժիններով: Եղբայրս ՀՀ-ում չի ապրում արդեն տասը տարի: Խնդրում եմ ասեք՝ եթե տունը վաճառվի, ապա մենք մեր մասնաբաժինները կարո՞ղ ենք ստանալ:

Սամվել Պետրոսյան (48 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս հարցը կարգավորվում է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, կտակում ներառել ժառանգության մասին սույն օրենսգրքի կանոններով նախատեսված այլ կարգադրություններ, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը:

Նույն օրենսգրքի 1196-րդ հոդվածի համաձայն` երկու կամ մի քանի ժառանգներին կտակված գույքը համարվում է ժառանգներին հավասար բաժիններով կտակված, եթե կտակում չեն նշված բաժինները, եւ դրանում ցուցում չկա ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը կամ իրավունքը ժառանգներից որեւէ մեկին պատկանելու մասին:

Նույն օրենսգրքի 1199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կտակարարը կարող է կտակ կազմել ամբողջ գույքի, դրամի մասի կամ առանձին գույքի կամ իրավունքների վերաբերյալ: Բոլոր այս իրավական ակտերի դրույթների մեջ բերումները հուշում են, որ բնակարանի վաճառքի դեպքում դուք Ձեր բաժինները կստանաք եւ կստանաք հավասարաչափով:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում մեզ դիմած քաղաքացին անհանգստանալու կարիք բոլորովին չունի, քանի որ հայրական տան վաճառքի դեպքում, սահմանված օրենքի համաձայն, կարող է հանգիստ ստանալ բնակարանի իր մասնաբաժինը:




Լրահոս