Հոկտեմբերի 27-29-ը Վանաձորում կկայանա կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը: Կոխ ըմբշամարտը հայկական ազգային մարզաձեւ է եւ հիմք է հանդիսացել մենապայքարային այլ մարզաձեւերի զարգացման համար: Ֆեդերացիայի նախագահ Վաղինակ Գալուստյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց առաջնության մանրամասների, հայկական կոխ ըմբշամարտի զարգացման ու նպատակների մասին.
Նրա խոսքով, շատ լուրջ պատրաստվել են հանրապետության առաջնությանը: Երկար դադարից հետո, նման մակարդակով կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնություն անցկացնում են առաջին անգամ:
– Ինչո՞վ է հայկական կոխ ըմբշամարտը տարբերվում ըմբշամարտի մյուս ոճերից:
– Հայկական կոխ ըմբշամարտը կանոններով շատ նման է ազատ ոճի ըմբշամարտին, ձյուդոյին եւ սամբոյին: Մրցման ժամանակահատվածը հինգ րոպե է: Մեր գոտեմարտերը սկսվում են ազգային երգ ու պարով:
– Քանի՞ մարզիկ է Հայաստանում զբաղվում կոխ ըմբշամարտով:
– Առայժմ միայն կոխ ըմբշամարտով զբաղվող մարզիկներ չունենք: Մեր ֆեդերացիան պայմանավորվածություն ունի, եւ ըմբշամարտի, սամբոյի ու ձյուդոյի մարզադպրոցներում շաբաթական երկու անգամ ուսուցանում են կոխ ըմբշամարտ: Հենց այս մարզաձեւերի ներկայացուցիչները կմրցեն Հայաստանի առաջնությունում:
– Քանի՞ քաշային կարգերում են մրցելու մարզիկները:
– Մեծահասակների Հայաստանի առաջնությունը կանցկացնենք ութ քաշային կարգում: Նախատեսում ենք, որ կմասնակցեն շուրջ 100 մարզիկներ:
– Ի՞նչ մարզահագուստով են հանդես գալու կոխ ըմբիշները:
– Նախկինում գոտեմարտել են ազգային տարազներով: Մենք փորձել ենք մի փոքր ժամանակակից տեսք տալ մարզահագուստին՝ պահպանելով ազգային տարրերը:
– Ի՞նչ նպատակներ ունի ֆեդերացիան:
– Ցանկանում ենք, որ կոխ ըմբշամարտը Հայաստանում մեծ տարածում գտնի, ունենանք բուն այս մարզաձեւի խմբեր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սպորտի պետական կառույցին, ՀԱՕԿ-ին: Հայկական կոխ ըմբշամարտի զարգացման ծրագիրը ներառված է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տարեկան միջոցառումներում: Եվ քանի որ, կոխ ըմբշամարտը ազգային արժեք է ու մշակույթ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նույնպես մեծ ուշադրություն է ցույց տալիս եւ աջակցել է այս առաջնության կազմակերպմանը:
Առաջնության արդյունքներով կձեւավորենք ազգային հավաքականը, որը հետագայում կմասնակցի միջազգային մրցաշարերի: Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ազգային մարզաձեւերի ֆեդերացիա ունի: Դրա նպատակն է՝ բոլորին համախմբել մեկ տանիքի ներքո եւ անցկացնել ազգային մարզաձեւերի աշխարհի առաջնություն:
Մենք նպատակ ունենք հասնել այն մակարդակին, որ կարողանանք անցկացնել նաեւ հայկական կոխ ըմբշամարտի աշխարհի առաջնություն: