1991 թվականից Հայաստանն սկսել է մասնակցել «Ռոթարի» շարժմանը, սակայն «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության կողմից ճանաչվել է 1996 թվականին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 12-ին ընդունել էր այդ կազմակերպության ներկայացուցիչներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանն ուշադրության կենտրոնում պահելու համար:
Եվ չնայած այդ ընկերությունից հավաստիացնում են, որ իրենք ո՛չ կրոնական եւ ո՛չ քաղաքական, այլ բարեգործական կազմակերպություն են, որը միավորում է մարդկանց, այնուամենայնիվ, շարունակվում են քննադատություններն առ այն, որ «Ռոթարին» իրականում մասոնական կազմակերպութուն է:
Վերջերս այդ շարժման անդամ է դարձել նաեւ պլաստիկ վիրաբույժ Աշոտ Միքայելյանը՝ երբեմնի հումորիստ Աշոտ Լյուդվիգովիչը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է վիրաբույժի հետ՝ հասկանալու համար, թե ինչն է ստիպել անդամակցել նման համբավ ձեռք բերած կառույցին:
-Պարո՛ն Միքայելյան, դուք հանդիսանում եք «Ռոթարի» ակումբի նորագիր անդամ: Ինչո՞ւ որոշեցիք անդամակցել ակումբին:
-Ընկերս հրավիրեց, ասեց՝ արի, տես՝ ինչքան լավ գործով ենք զբաղված, ես էլ գնացի, մասնակցեցի ժողովներին, հասկացա, որ, իրոք, մարդիկ շատ լավ բան են անում: Այդ ամենի մեջ նաեւ բժշկական պարտադիր տարրեր կան, ու քանի որ էությամբ բժիշկ եմ, ուզում եմ օգնած լինել մարդկանց, որոշեցի ավելի շատ օգնած լինել մարդկանց:
-Որքա՞ն ժամանակ է՝ ինչ հանդիանում եք ակումբի անդամ:
-Երկու շաբաթ կլինի արդեն: Մինչեւ ակումբի անդամ դառնալն 8 նիստի պետք է մասնակցես, որ նաեւ քեզ ճանաչեն մարդիկ: Մոտ 10 նիստի արդեն մասնակցել եմ: Ես ընդհանրապես չգիտեի երեւույթի մասին, տեղյակ չէի, քանի դեռ ընկերս չասեց, որ այդպիսի բան կա:
-Դուք նշեցիք, որ այդ ակումբում օգնում են մարդկանց, բարեգործություններ կատարում, սակայն չեն դադարում այդ ակումբին «մասոնական օթյակ» անունը տալ:
-Նշեմ, որ առաջին իսկ օրից, երբ սոցիալական ցանցում հայտնվել էր իմ անդամակցության մասին լուրը, բոլոր ընկերներս զանգահարում, ասում էին՝ դու էլ դարձար մասոն: Իրականում բացարձակ կապ այս պահին ես չեմ տեսնում: Նոր եմ, ամեն դեպքում: Ընդ որում, ոչ ոք թաքուն չէ, օրինակ՝ վաղն էլ (այսօր) կարող եք գալ ժողովին, նայել, թե ով կա, ընդհանրապես խնդիր չէ:
-Բայց, ի վերջո, ինչո՞ւ որոշեցիք Դուք էլ անդամակցել այդ ակումբին:
-Երբ մարդկանց ասում ես, որ իսկապես ինչ-որ մեկին ուզում ես լավություն անել, մարդիկ մտածում են՝ այստեղ իր շահը որն է, որ ուզում է լավություն անել: Այ, այդտեղ է մեր խնդիրը: Ինչքան էլ ասեմ, որ անդամակցել եմ՝ մարդկանց օգնելու համար, մեկ է՝ մտածելու եք, օրինակ, թե ինքն ԱՄՆ-ից վիզա պետք է ստանա, դրա համար: Ուրիշ բան եք մտածելու, ուրիշ բան եք տեսնելու այդտեղ: Իրոք, լինում է, որ մարդը ցանկանում է օգնել, որ լավ բանը շատանա աշխարհի վրա:
-Նշեցիք, որ Ձեր ընկերն է Ձեզ հրավիրել: Ամեն դեպքում, չե՞ք փորձել հետաքրքրվել, ուսումնասիրել, թե ինչ ակումբ է, ինչ ծրագրեր են իրականացնում: Ի՞նչ գիտեք, առհասարակ, այդ կառույցի մասին:
-Իհարկե, փորձել եմ հասկանալ, բայց համացանցային ծավալի մեջ, իհարկե, այլ ինֆորմացիոն աղբյուրներ չկան: Այդ կառույցի՝ մասոնների հետ կապվելու միակ փաստն իր հիմնադիրի մասոն լինելն է: Սրանից 111 տարի առաջ ինչ-որ մասոն մարդ որոշել է այդ ակումբը հիմնել, եւ դա է նման կապի մասին խոսակցությունների պատճառը: Բայց ես մասոններից իրականում տեղյակ չեմ, բայց բնույթով գոնե տարբեր է, գաղտնիության որեւէ երանգ չունի, ո՛չ մի երդում, ո՛չ մի պարտավորություն չկա, ազատ եմ իմ որոշումների, քայլերի ու պահվածքի մեջ: Ես կարող եմ չգնալ մոտակա ժողովի, ցանկացած պահի կարող եմ դադարեցնել անդամակցությունը: Այսինքն՝ հասարակական ակտիվության չափը քո ցանկությունից է: Դա գաղտնիության տարր պարունակող կազմակերպությունների գաղափարախոսության մեջ չի տեղավորվում: Օրինակ՝ ես բժիշկ դառնալուց առաջ Հիպոկրատի երդում եմ տվել, ծառայության անցնելիս երդում եմ տվել, սակայն այստեղ նման բան չկա: Բժշկությունը պարտավորեցնում է ինձ բուժել նույնիսկ թշնամուս, սակայն այս դեպքում ոչ մի երդում էլ չկա. բարի մարդը ցանկություն ունի օգնել:
-Օրինակ՝ այդ 10 հավաքների ընթացքում, որին մասնակցել եք, ի՞նչ հարցեր են քննարկվել:
-Միայն այն ծրագրերի շուրջ, որոնք այս պահին արվում են: Օրինակ՝ նախորդ անգամ մի կին ներկայացրեց իր կազմակերպած միջոցառումը եւ հարցրեց, թե ինչով կարող է ակումբն օգնել իրեն: Նա ցանկանում էր աուտիզմով հիվանդ երեխաների համար ինչ-որ հետաքրքիր բան անել, որ կապի միջոցներն ավելի հասանելի լինեն: Եվ ակումբի ներկայացուցիչներից մեկն ասաց, որ կարող է ծրագրային մասով օգնել, մյուսը՝ տարածք ունի, կարող է դա տրամադրել, որպեսզի բուժում ստանան: Այսինքն՝ մարդիկ սկսում են օգնել ինչ-որ մեկին, ով օգնությունը խնդրում է: Իսկ գլխավոր ծրագրերը, որ անցյալ տարի է արվել այդ կառույցի կողմից, Բերքաբերի մանկապարտեզն է եղել: Այդ ամենը միայն դրական է, եւ այդտեղ չի զգացվում ոչ մի հատուկ ծառայությունների կամ թաքուն հետք:
Նաիրա Հովհաննիսյան