Մավր Մկրտչյանին մեղադրում են «մասոնական կռուգներ» ընկնելու մեջ. երգչի մեկնաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս համացանցում բուռն քննարկումներ եղան ժողովրդական երգերի կատարող  Մավր Մկրտչյանի անվան շուրջ: Բանն այն է, որ «Ֆեյսբուք» սոցցանցի հայկական տիրույթից մի օգտատեր իր էջում տեղադրել էր երգչի` «Դլե յաման» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը եւ նրան մեղադրել «մասոնների կռուգներ» մտնելու  մեջ` ակնարկելով, որ նա տեսահոլովակում օգտագործել է մասոնական նշանը:

Այդ տեսակետը տեղ գտավ նաեւ որոշ կայքերում. «…Ու երբ տղու կողքին տեսա արդեն կոնկրետ մի երկու հոգու, ասացի` ափսոս էս տղան, մի կերպ պետք է ասել, որ հեռու մնա դրանցից: Բայց ուշացանք…»,- գրել էր օգտատերը` կարծիք հայտնելով, որ Մավր Մկրտչյանը սխալ շրջապատ է ընկել: Այս գրառումը մի շարք մեկնաբանությունների առիթ տվեց, ոմանք անգամ երգչի հասցեին   «սատանայական խաղերի մեջ մտնելու» մեղադրանքներ հնչեցրին:

«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Մավր Մկրտչյանի հետ, ով նշեց, որ իրականում տեսահոլովակում ոչ մի մասոնական սիմվոլ եւ կերպար չկա. «Նախ՝ ինչպես հասկանում եմ՝ մեր ժողովրդի որոշ մասը սիրում է ամեն բան վերագրել մասոնությանը, ինչի ապացույցը հենց այս դեպքն է: Իրականում տեսահոլովակի բոլոր կերպարներն ընտրված են համամարդկային արժեքներին համապատասխան, պատմական եւ ազգային սիմվոլներից, իսկ արդեն նշված «մասոնականության նշանը» նույն հավերժության սիմվոլն է, որն օգտագործվել է անգամ մեր եկեղեցիների վրա: Չեմ կարծում, որ մեր եկեղեցին մասոնական նշաններ է օգտագործել»,- մեկնաբանեց երգիչը` հավելելով, որ սա նաեւ ռեժիսորի` Սերժ Գաբյանի բացատրությունն է:
Ինչ վերաբերում է «մասոնների շրջապատ ընկնելուն», Մավր Մկրտչյանը նշեց. «Չնայած որ հանձինս մասոնների ոչ մի վատ բան չեմ տեսնում, անգամ եթե նրանք լինեին իմ շրջապատում, բայց շատ կուզենայի նյութը գրողի բացատրությունն իմանալ, թե արդյոք ովքեր են այդ մարդիկ, հավատացեք` ինձ էլ է շատ հետաքրքիր»:

Մավր Մկրտչյանը մեր զրույցի ավարտին նման պատասխանատու հայտարարություններ անողներին խորհուրդ տվեց լավ ուսումնասիրել նյութը եւ նոր միայն  արտահայտվել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս