Քաղաքապետի որդուն դատի են տվել. ինչ է կատարվում Դիլիջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. հուլիսի 26-ին Դիլիջանի համայնքապետարանի իրավաբան Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Գեւորգ ժորայի Սահաբալյանի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, պայմանագրի հիման վրա տրված վարձակալության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, 454 հազար 454 դրամ վարձավճար ու հաշվարկված տույժ եւ 17 հազար 90 դրամ նախապես վճարված պետական տուրք բռնագանձելու պահանջներով:

Գեւորգ Սահաբալյանը Դիլիջանի նախկին քաղաքապետն է: Նա, արդեն որպես անկուսակցական, 2016թ. փետրվարի 14-ին կայացած խոշորացված Դիլիջան համայնքի ղեկավարի ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու էր, սակայն պարտվեց 2005թ. Դիլիջանը ղեկավարող Արմեն Սանթրոսյանին: Հոկտեմբերի 17-ին այս գործով Դիլիջան քաղաքում նախնական դատական նիստ գումարվեց:

Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ինքը, որպես Դիլիջանի համայնքապետարանի ներկայացուցիչ, մասնակցել է նիստին, Գեւորգ Սահաբալյանը չի ներկայացել, տեղեկություններ կան, որ նա Ռուսաստանում է գտնվում: Դատական նիստը հետաձգվել է: Նախնական դատական հաջորդ նիստը նշանակվել է բավական ուշ՝ 2018թ. հունիսի 26-ին:

Վաղինակ (Արայիկ) Մարկոսյանը հայտնեց, որ համայնքապետարանը գումարներ բռնագանձելու պահանջով դատի է տվել ոչ միայն նախկին քաղաքապետի որդուն, այլ նաեւ համայնքին պարտքեր ունեցող բազմաթիվ անձանց:

Նրա վկայությամբ՝ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում են գտնվում Դիլիջանի համայնքապետարանի ներկայացրած 9 հայցով դատարանի վճիռների կատարողական թերթիկները: Այդ վճիռներից մեկով Դիլիջան քաղաքի բնակչից հօգուտ համայնքի պետք է բռնագանձվի 679 հազար դրամ գույքահարկի եւ հողի հարկի գումար: Մնացած 8 գործերը վերաբերում են դիլիջանցիների տրանսպորտային միջոցների գույքահարկի պարտքերին: Այդ 8 հայցով ԴԱՀԿ-ը պետք է բռնագանձի ընդհանուր առմամբ 2 միլիոն 255 հազար դրամ:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս